Անշարժ գույքի շուկայում իրենց ուրույն դերակատարումն ունեն օտարերկրացիները։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026թ․ առաջին եռամսյակում օտարերկրացիների կողմից գնված անշարժ գույքի գործարքների թվաքանակը կազմել է 525 միավոր, իսկ վաճառված անշարժ գույքի գործարքներինը՝ 572։
Հետաքրքիր է, որ անշարժ գույքի առուվաճառքի գործարքներում դեռևս ակտիվ են ՌԴ, ԱՄՆ և եվրոպական երկրների քաղաքացիություն ունեցող անձինք։ Այսինքն՝ խոսքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրների քաղաքացիների մասին է։
Ով գիտի, գուցե խաղաղության օրակարգերով առաջնորդվելու պարագայում մի քանի տարի անց ՀՀ անշարժ գույքի շուկայում ակտիվություն ցուցաբերեն նաև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները։
Այդուհանդերձ, 2026թ․ առաջին եռամսյակում ՀՀ անշարժ գույքի գնման ֊ արձանագրել է հետևյալ պատկերը․
Վիճակագրական տվյալների համաձայն՝ գնման գործարքների 68%-ը բաժին է ընկել ռուսաստանցիներին, 13%-ը՝ եվրոպական երկրների քաղաքացիներին, իսկ 9%-ը՝ ԱՄՆ քաղաքացիներին։ Նկատենք, որ 2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ նույն եռամսյակի համեմատ ռուսաստանցիների կողմից իրականացված գնման գործարքների թվաքանակն աճել է մոտ 53%֊ով։
Մյուս կողմում վաճառքի գործարքներն են։ Դրանց 77%-ը բաժին է ընկել ռուսաստանցիներին, 9%-ը՝ եվրոպացիներին, իսկ 7%-ը՝ ամերիկացիներին։ Ընդ որում՝ ռուսաստանցիների կողմից անշարժ գույքի վաճառքի գործարքների թվաքանակը 2025թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել է մոտ 31%-ով։
Այսպիսով, 2026թ․ առաջին եռամսյակի տվյալները ցույց են տալիս, որ օտարերկրացիների մասնակցությունը ՀՀ անշարժ գույքի շուկայում շարունակում է կենտրոնացած մնալ հիմնականում ռուսաստանցիների շուրջ։
Միևնույն ժամանակ, եվրոպական երկրների և ԱՄՆ քաղաքացիների մասնակցությունը նույնպես պահպանվում է՝ ձևավորելով շուկայի արտաքին պահանջարկի և առաջարկի կարևոր բաղադրիչներից մեկը։