ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների խնդրանքով կհետաձգի Իրանին վաղը հասցվելիք ծրագրված հարվածը։
Ըստ նախագահի՝ ինքը դիմում է ստացել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիից, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանից և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բին Զայիդ Ալ Նահյանից՝ խնդրանքով՝ «կասեցնել Իրանին հասցվելիք մեր ծրագրված ռազմական հարվածը», «որը նշանակված էր վաղը»։
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրների առաջնորդները նշել են, թե «այժմ լուրջ բանակցություններ են ընթանում, և, նրանց՝ որպես մեծ առաջնորդների ու դաշնակիցների կարծիքով, ձեռք կբերվի մի համաձայնություն, որը շատ ընդունելի կլինի ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների, այնպես էլ Մերձավոր Արևելքի բոլոր երկրների և դրանից դուրս գտնվողների համար»։
«Կարևոր է նշել, որ այս համաձայնությունը ներառելու է Իրանի կողմից միջուկային զենք չունենալը»,- գրել է նա իր Truth Social հարթակում։
«Հաշվի առնելով իմ հարգանքը վերոնշյալ առաջնորդների նկատմամբ՝ ես հանձնարարել եմ նախարար (պատերազմի նախարար) Փիթ Հեգսեթին, Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դանիել Քեյնին և ԱՄՆ զինված ուժերին՝ ՎԱՂԸ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ Իրանի վրա ծրագրված հարձակումը, սակայն նաև հանձնարարել եմ նրանց պատրաստ լինել ցանկացած պահի անցնելու Իրանին լիամասշտաբ, հուժկու հարված հասցնելուն, եթե ընդունելի համաձայնություն ձեռք չբերվի»։