Վրաստանում փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրության խախտումների համար սահմանված տուգանքների ընդհանուր ծավալը 2025 թվականին աճել է շուրջ 10 անգամ։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։
Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ այս տարվա ընթացքում նշանակվել է 9,6 միլիոն լարիի (մոտ 3,6 միլիոն դոլար) տուգանք, մինչդեռ 2024 թվականին այդ ցուցանիշը կազմել էր ընդամենը 961 հազար լարի։
Տուգանքների հիմնական մասը բաժին է ընկել փոխանակման կետերին՝ 7,87 միլիոն լարի։ Համեմատության համար՝ 2024 թվականին այս ոլորտում տուգանքները կազմել էին միայն 45 հազար լարի։
Կարգավորողի տվյալներով՝ խախտումները հիմնականում կապված են եղել խոշոր գործարքների ժամանակ հաճախորդների նույնականացման կանոնների չպահպանման հետ։
Միաժամանակ առևտրային բանկերի նկատմամբ տուգանքներն աճել են 82%-ով, իսկ միկրոֆինանսական կազմակերպությունների դեպքում՝ նվազել 8,6%-ով։
Հատկանշական է, որ վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցող ընկերությունները, որոնք միայն այս տարի են անցել կարգավորման դաշտ, ստացել են ավելի շատ տուգանքներ, քան մի շարք ֆինանսական կառույցներ։ Նրանց նկատմամբ արձանագրված խախտումների ընդհանուր ծավալը կազմել է 470 հազար լարի (մոտ 175 հազար դոլար)։