Հատուկ ծածկել եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պատկերով նախընտրական պաստառը։ Այս մասին մայիսի 19-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմնակից, Լոռու մարզի Կուրթան գյուղից Հրայր Մարգարյանը։
«Իհարկե, բա ո՞նց, միանշանակ», – պատասխանել է նա՝ ճշտող հարցին ի պատասխան։
Մարգարյանը խոստովանել է, որ բեռնատարը կայանել է այնպես, որպեսզի «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական պաստառը չերևա։ «Չուժոյ մարդիկ մեզ պետք չեն», – ժպիտով հայտարարել է նա։
Մարգարյանը հայտնել է, որ մասնակցել է Կուրթանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին։ «Դա ուրախություն է, բա կարո՞ղ է անտրամադիր գանք», – նշել է գործող իշխանությունների կողմնակիցը։
Նա նաև հավաստիացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը ինքն է փակցրել բեռնատարի վրա։ «Պաստառը տղերանցի եմ վերցրել, գիշերը զանգել եմ՝ բերել են», – միաժամանակ հավելել է Հրայր Մարգարյանը։
Նշենք, որ արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է ներկայումս երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, իր կողմնակիցների և համախոհների հետ միասին Լոռու մարզում անցկացնում է նախընտրական քարոզարշավ։