Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ մեծ թվով անվտանգության աշխատակիցներ խուզարկություններ են իրականացնում, այդ թվում՝ վարչական ղեկավարի աշխատասենյակում, գրում է «Ազատությունը»։
Մեծավանի վարչական ղեկավար Հովիկ Մարկոսյանը դուրս է բերվել աշխատասենյակից, որտեղ «անվտանգության աշխատանքներ են իրականացվում»: Փակ էր անգամ սանհանգույցը բոլորի համար:
«Ազատության» հարցին՝ թե ինչով է պայմանավորված խուզարկությունը, ընդդիմադիր վարչական ղեկավարը պատասխանեց, որ տեղյակ չէ: Նա նշեց, որ չի թաքցնում իր ընդդիմադիր հայացքները: Համայնքապետը ևս ընդդիմության ներկայացուցիչ է, որը ընտրվել է 2022 թվականին՝ վայելելով գործարար Սամվել Կարապետյանի աջակցությունը:
Հիշեցնենք, որ Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում շաբաթ օրը միջադեպ էր տեղի ունեցել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների միջև:
Այդ օրը Քննչական կոմիտեն էր հաղորդագրություն տարածել, որ ընդդիմադիր մի խումբ անձինք փակել են իշխող «Քաղաքացիական պայմանագրի» քարոզչության համար գյուղ եկած անձանց ճանապարհը և թույլ չեն տվել առաջ շարժվել։ Այս գործով 10 անձ էր ձերբակալված, ըստ Քննչականի, նրանցից վեցի նկատմամբ կալանքի որոշումներ կան, մեկ անձ տնային կալանքի տակ է, մյուսները դեռևս ձերբակալվածի կարգավիճակ ունեն։