«Ախրանիկները» բերանս փակեցին՝ տարան, մինչև Նիկոլի ելույթը չվերջացավ, ինձ բաց չթողեցին

«Հիշում եք, երբ Մովսեսը 40 տարի իր ժողովրդին անապատների միջով ուղեկցեց դեպի Ավետյաց երկիր, մեր 40 տարին ավարտվել է, մենք տեղ ենք հասել»,- Սպիտակում նախընտրական ելույթի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Սպիտակցի մի պապիկ՝ Արտյոմ Գրիգորյանը, ում թոռն այրվել է Ազատ գյուղի հրդեհի ժամանակ, ընդհատեց Նիկոլ Փաշինյանի նախընտրական ելույթը․ «Ես իմ երեխուն եմ ուզում, Ազատ գյուղում տարավ վառեց»։ «Հա, հայրիկ ջան, հա …Ժողովուրդ ջան, էս հիմա թրենդ է դառել, ամեն տեղ մեկին ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք»,- ասաց Փաշինյանը, որին նյարդայնացնում են իր 8-ամյա գործունեության հետեւանքների մասին հիշեցումները։ Փաշինյանի թիկնապահներն արագ մոտեցան, փակեցին Արամ Մանուկյանի պապի՝ Արտյոմ Գրիգորյանի բերանը և բռնությամբ հեռացրեցին հավաքի վայրից։ Տարեց մարդը դիմադրում էր՝ ասելով, որ ինքն իր իրավունքներն է պաշտպանում, սակայն ապարդյուն, անհայտ անձինք նրան ուժով հեռացնում էին հանրահավաքի վայրից: «Հրապարակը» զրուցել է Արտյոմ Գրիգորյանի հետ:

– Ինչպե՞ս եք, ինչո՞ւ էին Ձեզ քաշքշում: Ո՞ւր տարան Ձեզ:

– Ուզում էի Փաշինյան կոչեցյալին իմ պահանջը ներկայացնել, բերանս փակեցին, ձեռքերս կապեին ու տարան չգիտես ուր:

– Ովքե՞ր էին դրանք:

– Նիկոլի «ախրանիկները» էլ ովքեր պետք ա լինեին: Սպիտակ էր եկել Նիկոլը, ես էլ ուզում էի ասեմ` ինչի՞ իմ մինուճար տղա երեխուն տարար վառեցիր, այ անամոթ: Բայց էն էլ ի՞նչ՝ ինձ տարան մի կողմի վրա, բերանս փակեցին, հետո «ախրանիկները» սկսեցին իրար ականջի փսփսալ, ինչ-որ բաներ ասել, մինչև Նիկոլի ելույթը չվերջացավ, ինձ բաց չթողեցին:

– Ազատ գյուղում 15 զինվորների մահվան գործը մինչ օրս քննվում է դատարանում: Դատական պրոցեսից դժգո՞հ եք:

– Դժգոհը որն ա, շատ դժգոհ: Ես Նիկոլին մի հատ շատ պարզ հարց ունեի` ինչի՞ համար հելար հրդեհի օրը հայտարարեցիր, որ մեր երեխեքը մի բաժակ բենզին լցրեցին վառարանի մեջ, հրդեհ եղավ: Նիկոլ, ես հիմա նորից եմ ասում` մեր երեխեքի մահվան համար դու ես մեղավոր, եթե դու ղեկավարի շնորհք ունենայիր, նման բան տեղի չէր ունենա: Արդեն երեք տարի ա դատավարությունը գնում ա, այ ապերախտ, բա ինչի՞ չես հետաքրքրվում մի անգամ, թե ինչ եղավ: Բայց ինչպես տեսաք` ինձ բռնեցին, տարան, չթողեցին ես իմ ասելիքը ասեմ դրան: Ապացուցված ա մեզ համար, որ մեր տղերքին սպանել են: Հրդեհից 12 րոպե անց մեր երեխեքը ողջ են եղել, դա ապացուցված բան ա, հեռախոսներով խոսել են: Անցած անգամ էլ ինձ դատավորը հանեց նիստերի դահլիճից՝ ինչի՞ համար, որ ես ասեցի` Փաշինյան Նիկոլին կանչեք, որ ցուցմունք տա, ի վերջո` ինքն ա հրդեհի օրը հայտարարություններ արել, մանրամասներ հայտնել իբր թե:

– Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Միհրան Մախսուդյանին, ասում է` գնացեք իրեն պահանջներ ներկայացրեք:

– Ինչ Մախսուդյան, ինչ բան, ես Նիկոլին եմ ճանաչում և իրենից եմ պահանջում, հրամանատարը ստեղ «պրիչոմ»: Ամենամեծ մեղավորը հենց ինքն ա:

– Առաջիկա ընտրություններին կցանկանա՞ք, որ Փաշինյանը ընտրվի:

– Եթե Նիկոլը ընտրվեց, ուրեմն երկիրը կործանված ա:

– Սպիտակից շա՞տ մարդ կար Փաշինյանի հետ հանդիպմանը:

– Ես Սպիտակի 80 տոկոսին ճանաչում եմ, լիքը մարդիկ էլ ինձ են ճանաչում, որ ինձ քաշում էին, մարդիկ ասում էին` արա, էս ի՞նչ եք անում: Փաշինյանը հետևիցս ասել ա` 200 հազար դրամ փող եմ վերցրել Սամվել Կարապետյանից, դրա համար եմ գնացել իրենից պատասխաններ պահանջելու։ Տո շան տղա, դու ինձ առաջին անգա՞մ ես տեսնում, տո անամոթ։ 2018 թվականին ես դրան եմ ընտրել, բայց եթե էս անգամ էլ ընտրվեց, վերջ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *