Պեկինն ու Մոսկվան երկարաձգում են բարիդրացիության մասին պայմանագրի գործողությունը

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում մեկնարկած հանդիպման ընթացքում համաձայնության են եկել երկարաձգել ռուս-չինական Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի գործողությունը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

Հրապարակման համաձայն՝ երկու առաջնորդները աջակցել են տվյալ պայմանագրի գործողության երկարաձգմանը։

«Մենք Վլադիմիր Պուտինի հետ միաձայն հավանություն ենք տվել ՉԺՀ-ի և ՌԴ-ի միջև Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի գործողության երկարաձգմանը», – ավելի ուշ հայտարարել է Սի Ցզինպինը՝ Պեկինում բացելով ռուս-չինական բարձր մակարդակի ընդլայնված կազմով բանակցությունները։

ՉԺՀ նախագահը ընդգծել է, որ «կողմերը պետք է լիարժեք իրականացնեն մեր և Վլադիմիր Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և ամբողջությամբ օգտագործեն պատմական հնարավորությունները, որպեսզի երկրների միջև փոխգործակցության հիմքը դառնա էլ ավելի ամուր, համագործակցության որակը՝ ավելի բարձր, իսկ ամուր բարեկամությունը՝ ավելի լայն»։

Նրա խոսքով՝ Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունները կանգնել են արագացված զարգացման ուղու վրա։ «Սա ռազմավարական ընտրություն է, որն արվել է՝ ելնելով երկու երկրների շահերից և գլոբալ մասշտաբով զարգացման միտումներից», – նշել է Սի Ցզինպինը։

Ռուս-չինական Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը ստորագրվել է 2001 թվականի հուլիսին և ընդգրկում է ռուս-չինական հարաբերությունների տարբեր ոլորտներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *