Քաղաքական բառապաշարը օրեցօր համալրվում է փողոցային նոր բառերով։ Շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից «շուն ու շանգյալ» որակեց ժողովրդի մի մասին։ Մեծ արձագանք եղավ։ Ընդդիմադիրները դիմեցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը, քննելով թեման, եզրակացրեց, որ Փաշինյանի խոսքի մեջ դատապարտելի բան չկա։ Այսպիսով՝ «շուն ու շանգյալն» օրինականացվեց․ ԿԿՀ-ն արդարացրեց Փաշինյանին։
Այս օրերին հաճախակի է լսվում «կզացնել» բառը։ Այն ասում են և՛ Փաշինյանը, և՛ որոշ ընդդիմախոսներ։ Մասնավորապես՝ Փաշինյանը խոստանում է կզացնել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին և այլ մարդկանց։ Որոշ ընդդիմախոսներ էլ փորձում են հակադարձել։ Արդյունքում՝ քաղաքական խոսույթն այլասերվում է, քաղաքական միտքը՝ դեգրադացվում, արժեզրկվում, կորցնում մշակութաստեղծ էությունը։
Խնդիրն ունի նաև համակարգային ռիսկեր։ Իրավապահ կառույցներն ու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կոչված են հետևելու նաև պաշտոնյաների բարեվարքությանը։
Երբ այս ինստիտուտները չեն աշխատում, այսինքն՝ չեն նկատում բարեվարքության ակնհայտ խախտումները, առաջանում է արժեհամակարգային քաոս։ Պաշտոնյաները սկսում են արհամարհել օրենքը, կարգը, բարեվարքության նորմերը, փողոցայինի պես հայհոյել, հակաժողովրդական, հակապետական բաներ անել, տպավորություն ստեղծել, թե քաղաքական գործիչը պետության ու ժողովրդի դեմ է։ Սա արմատապես ու հիմնովին այլասերում է քաղաքական գործչի մասին հանրային պատկերացումները, ինչի հետևանքով հասարակությունն այլասերվում է։
Իդեալական դեպքում պետք է լիներ հակառակը։ Քաղաքական գործիչը առաքինության օրինակ է ծառայում։ Նա ժողովրդին ու պետությանն անմնացորդ նվիրվածության էտալոնն է։ Իսկ մեզ մոտ երկրի ղեկավարն ասում է «շուն ու շանգյալ», «կզացնելու եմ» և այլ վիրավորական արտահայտություններ, իսկ իրավապահները համարժեք չեն արձագանքում։
Իհարկե, պաշտոնյան ևս մարդ է, կարող է կորցնել ինքնատիրապետումը, հուզական պոռթկում ունենալ, վատ բառեր ասել, բարեվարքության նորմ և նույնիսկ օրենք խախտել։ Սակայն համապատասխան ինստիտուտները պարտավոր են համարժեք գնահատական տալ, իրենց կոչմանն ու դիրքին հավատարիմ մնալ, համաչափ գնահատական տալ, արժեքի և օրենքի պաշտպանության դիրքերում հաստատ մնալ, քանի որ նրանց սկզբունքայնությունը պետության լրջության ցուցիչն է։
Երբ իրավապահը, ԿԿՀ-ն նույն ու հավասար մոտեցումն են դրսևորում բոլորի նկատմամբ, առաջնորդվում բացառապես օրենքով, խտրականություն ու երկակի ստանդարտ չեն կիրառում, ապա դա վկայում է պետության հասունության, լրջության և կայացածության մասին։ Այսպես են վարվում այն երկրներում, որտեղ արժեքն ու օրենքն ավելի բարձր են, քան ամենաբարձր պաշտոնյան։
Հռոմի պատմության մեջ օրինակներ կան, երբ արժեքն ու իդեալն ավելի բարձր են դասվել, քան կայսրի քմահաճություններն ու կամայականությունները։ Գեներալ Մաքսիմուսի օրինակը վկայում է, որ արժեքն ու ազգային իդեալն ավելի բարձր դասողները հերոսացվել են։ Եթե այսպիսի նվիրյալներ չլինեին, Հռոմը շատ շուտ կկործանվեր։
Այն երկրներում, որտեղ ազգային պրոգրեսիվ իդեալ չկա, դրա պաշտպանության համար սկզբունքային դիրքերում կանգնողներ չկան, ապա առաջ է գալիս պետության լուծարման կամ հեղափոխության վտանգ։ Նոր ժամանակներում քաղքենիա-ժողովրդավարական վերափոխումները տեղի ունեցան, քանի որ հանրության մեջ տարածված ու արմատավորված արժեքներն ու ազգային իդեալները միավորում էին ժողովրդի մեծ մասին, իսկ իշխանությունները դրանք արհամարհում կամ ոտնահարում էին։
Կարճ ասած՝ օրենքի, արժեքի և բարեվարքության նորմերի պաշտպանության առաքելությամբ օժտված պետական ինստիտուտները պարտավոր են իրենց կոչմանը հավատարիմ մնալ, որպեսզի քաղաքական գործչի կերպարը չաղավաղվի, հասարակությունը չայլասերվի և չստեղծվեն պետության քայքայման ու հեղափոխության ռիսկեր։
Թաթուլ Մկրտչյան