
Հայաստանի դպրոցներում վերջին շաբաթներին հայտնված «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով մեծածավալ պաստառները լայն արձագանք ստացան հանրության շրջանում։ Առաջին հայացքից այս արտահայտությունը կարող է թվալ որպես կրթության կարևորությունը շեշտող սովորական կոչ։ Սակայն խնդիրը կարգախոսի բովանդակությունը չէ։ Խնդիրը դրա կիրառման ձևն է, ֆինանսավորման մեխանիզմը և պետական կառավարման տրամաբանությունը, որով այն ներդրվեց դպրոցներում։
Թեմայի շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է կրթության փորձագետ Վանո Կարապետյանի հետ։
– Պարո՛ն Կարապետյան, ինչպե՞ս հայտնվեց այս կարգախոսը մեր կրթական համակարգում և ի՞նչ զարգացումներ հետևեցին դրան։
– Հատկանշական է, որ այս կարգախոսը հանրային շրջանառության մեջ ակտիվորեն հայտնվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կառավարության նիստերից մեկում հնչեցվելուց հետո։ Դրանից կարճ ժամանակ անց նույն արտահայտությամբ պաստառներ տպագրվեցին և ուղարկվեցին Հայաստանի գրեթե բոլոր հանրակրթական դպրոցներ։
– Իսկ ինչպե՞ս է իրականացվել այդ պաստառների ֆինանսավորումը դպրոցների կողմից։
– Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ դպրոցների տնօրեններին կամ վարչատնտեսական մասի համակարգողներին հանձնարարվել է համապատասխան ընթացակարգերով վճարել այդ պաստառների գումարները։ Փաստացի ստացվում է, որ դպրոցները չեն ընտրել ոչ պաստառի ձևաչափը, ոչ բովանդակությունը, ոչ մատակարարին, սակայն պարտավորվել են վճարել դրանց համար սեփական բյուջեներից։
– Ի՞նչ ծավալի ֆինանսական ծախսերի մասին է խոսքը։
– Յուրաքանչյուր դպրոցի համար պաստառի արժեքը կազմել է շուրջ 18 հազար դրամ։ Եթե հաշվի առնենք Հայաստանի դպրոցների ընդհանուր թիվը, ապա ընդհանուր ծախսը կարող էր հասնել մոտ 25 միլիոն դրամի։
– Որպես կրթության փորձագետ՝ կառավարման ի՞նչ խնդիրներ եք տեսնում այստեղ։
– Կրթության կառավարման տեսանկյունից սա մի շարք լուրջ հարցեր է առաջացնում։ Առաջին՝ արդյո՞ք դպրոցներն ունեցել են իրական հնարավորություն հրաժարվելու այդ ծախսից։ Եթե որոշումն ընդունվել է պարտադիր կարգով, ապա դժվար է խոսել կրթական հաստատությունների ֆինանսական ինքնավարության մասին։ Երկրորդ՝ որքանո՞վ էր այս ծախսը առաջնահերթ կրթական համակարգի ներկա պայմաններում։ Այսօր բազմաթիվ դպրոցներ շարունակում են ունենալ վերանորոգման խնդիրներ, տեխնիկական անբավարար հագեցվածություն, լաբորատոր սարքավորումների պակաս։ Այս պայմաններում տասնյակ միլիոնավոր դրամների ուղղումը քարոզչական բնույթի պաստառների վրա դժվար է հիմնավորել արդյունավետ կառավարման տրամաբանությամբ։
Երրորդ՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ի՞նչ ընթացակարգով է իրականացվել պաստառների տպագրությունը։ Եթե բոլոր դպրոցներին բաժանվել են նույն ձևաչափի և նույն արտադրողի պաստառներ, ապա առաջանում են գնումների գործընթացի թափանցիկության վերաբերյալ հարցեր։ Հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ արդյոք իրականացվել է մրցութային գործընթաց, ով է եղել մատակարարը և ինչ չափանիշներով է ընտրվել։
– Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նման մոտեցումը հենց կրթության գաղափարի վրա։
– Այս իրավիճակում առավել մտահոգիչը կրթության գաղափարի ձևականացումն է։ Կրթության որակը չի բարձրանում պատերին կախված կարգախոսներով։ Որակյալ կրթությունը ձևավորվում է բովանդակային բարեփոխումներով, ուսուցչի արժևորմամբ, ժամանակակից կրթական միջավայրով և արդյունավետ կառավարմամբ։ «Լավ սովորիր, որ լավ ապրես» արտահայտությունը կարող էր դառնալ կրթական արժեքների մասին հանրային քննարկման հիմք։ Սակայն երբ այն վերածվում է պարտադրված պաստառի տեսքով ֆինանսական ծախսի, առաջանում է հակառակ ազդեցությունը՝ հանրության մոտ ձևավորելով անվստահություն պետական քաղաքականության նկատմամբ։ Հարկատուի յուրաքանչյուր դրամ պետք է ծառայի իրական կրթական արդյունքին, ոչ թե ցուցադրական նախաձեռնություններին։ Իսկ կրթական համակարգում արդյունավետ կառավարումը սկսվում է ոչ թե պատին գրված կարգախոսից, այլ հաշվետվողականությունից, թափանցիկությունից և առաջնահերթությունների ճիշտ ընտրությունից։
– Ինչպե՞ս կամփոփեք Ձեր խոսքը այս խնդրի վերաբերյալ։
– «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով պաստառների տարածման գործընթացը, անկախ դրա բովանդակային նպատակներից, առաջ է բերում կառավարման և ֆինանսական թափանցիկության մի շարք հարցեր։ Խնդիրը ոչ թե կարգախոսի գաղափարն է, այլ այն, որ պետական կամ դպրոցական բյուջեներից իրականացվել է կենտրոնացված և պարտադրված ծախս, որի առաջնահերթությունը կրթական համակարգի ներկա կարիքների համատեքստում վիճարկելի է։
Կրթության փորձագիտական տեսանկյունից նման նախաձեռնությունները վտանգում են համակարգի արդյունավետությունը, երբ սահմանափակ միջոցները ուղղվում են ոչ թե նյութական և ուսումնական միջավայրի բարելավմանը, այլ խորհրդանշական և ցուցադրական լուծումներին։ Վերջապես, կրթության նկատմամբ հանրային վստահությունը կարող է պահպանվել միայն այն դեպքում, երբ պետական քաղաքականությունը հիմնված է հաշվետվողականության, առաջնահերթությունների ճիշտ բաշխման և իրական կրթական արդյունք ապահովելու վրա, այլ ոչ թե ձևական նախաձեռնությունների։