Թրամփը և Պուտինը կարող են հանդիպել Չինաստանում


Քաղաքականություն


Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հնարավոր նոր հանդիպումը կարող է տեղի ունենալ Չինաստանում՝ նոյեմբերին կայանալիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում, ռուսական «Իզվեստիա»-ին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Տեսականորեն՝ այո։ Այդպիսի գագաթնաժողովները հենց դրա համար են, որպեսզի հնարավոր լինեն հանդիպումներ մասնակից երկրների ղեկավարների միջև», – նշել է Պեսկովը՝ անդրադառնալով Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման հարցին։

ԱԽՏՀ գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը։ Ավելի վաղ Պուտինը հաստատել էր իր մասնակցության պատրաստակամությունը՝ Պեկինում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների ընթացքում։

Պուտինի և Թրամփի վերջին դեմառդեմ հանդիպումը կայացել է 2025 թվականի օգոստոսին Ալյասկայում։ Այն Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների առաջին գագաթնաժողովն էր վերջին 4 տարվա ընթացքում։ Բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայում պատերազմն էր։ Թրամփը հանդիպումից հետո խոսել էր որոշակի առաջընթացի մասին, սակայն նշել, որ կողմերը չեն հասել համաձայնության, մինչդեռ Պուտինը բանակցությունները գնահատել էր որպես օգտակար և բովանդակալից։

Այդ հանդիպումից հետո երկու առաջնորդները մի քանի հեռախոսազրույց են ունեցել, վերջինը՝ ապրիլի վերջին, որի հիմնական թեման կրկին Ուկրաինայի շուրջ իրավիճակն էր։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *