Ավարտվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 13-րդ մրցույթը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 12-18-ը Երևանում անցկացված մրցույթին մասնակցելու իրավունք էին ստացել մինչև 18 տարեկան 15 պատանի կոմպոզիտորներ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Մրցույթի մրցանակակիրները հայտնի են դարձել մայիսի 18-ին՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած գալա համերգի ընթացքում։
Ժյուրիի որոշմամբ կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) հատուկ մրցանակի է արժանացել Հրաչյա Ղազարյանը (դասատու՝ Արփինե Կալինինա)։ Երրորդ մրցանակը շնորհվել է Ադրիանա Շահինյանին (դասատու՝ Գայանե Գրիգորյան) և Արայիկ Սարգսյանին (դասատու՝ Նելլի Մնացականյան), իսկ երկրորդ մրցանակակիրներ են ճանաչվել Արթուր Գրիգորյանը (դասատու՝ Արփինե Կալինինա) և Մոնթե Միքայելյանը (դասատու՝ Նելլի Մնացականյան)։
Ավագ խմբում (14-18 տարեկաններ) երրորդ մրցանակը տրվել է Գրիգոր Խաչատուրյանին (դասատու՝ Արփինե Կալինինա), երկրորդ մրցանակը՝ Նորայր Նիկողոսյանին (դասատու՝ Աշոտ Ղազարյան)։ Ժյուրիի որոշմամբ առաջին մրցանակը կիսել են Վիկտորյա Ուլիխանյանը (դասատու՝ Միխայիլ Կոկժաև) և Գարիկ Հարությունյանը (դասատու՝ Աշոտ Ղազարյան)։
Բոլոր մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով և խրախուսական նվերներով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները ստացել են նաև անվանական գավաթներ և դրամական պարգևներ։
Մրցույթի հաղթողների համար նախատեսված է նաև հատուկ հնարավորություն․ մինչև տարեվերջ նրանց ստեղծագործությունների հիման վրա կբեմադրվեն խորեոգրաֆիկ պատկերներ։
Հատկանշական է, որ պատանեկան կոմպոզիտորական նախագծերի պատմության մեջ առաջին անգամ մրցույթի շրջանակում ներառվել էր խորեոգրաֆիկ բաղադրիչ։
Գալա համերգի ընթացքում ներկայացվել է նախորդ տարվա մրցանակակիրներ Գագիկ Ավետիսյանի և Գարիկ Հարությունյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Մղձավանջ» խորեոգրաֆիկ պատկերը՝ «Կադանս» ստուդիայի սաների և մենապարող Կարեն Խաչատրյանի կատարմամբ։ Ստուդիայի գեղարվեստական ղեկավարն Ասատուր Քալաշյանն է։
Առաջիկայում Աշտարակում նախատեսված է համերգ, որին կազմկոմիտեի որոշմամբ կմասնակցեն մրցույթի բոլոր մասնակիցները։
Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Ռուբեն Ասատրյանը, Էդուարդ Հայրապետյանը, Նարինե Զարիֆյանը, Աննա Ասատրյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը։