«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը, չի հայտնել՝ արդյոք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած այցի ընթացքում հայկական կողմը բարձրացրել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեության արդյունավետության, ջրակորուստների և կոնցեսիոն պարտավորությունների կատարման հարցերը։
«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունը նշել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագրով և համաձայնագրերով սահմանված դրույթների համաձայն՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՏԿԵՆ Ջրային կոմիտեի, և ընկերությունը 2024 թվականից համատեղ իրականացնում են ենթակառուցվածքների արդիականացման աշխատանքներ, որոնք շարունակվելու են մինչև 2031 թվականը։
Նախարարության պատասխանում ասվում է, որ աշխատանքները միտված են «խմելու ջրամատակարարման համակարգերի և ծառայությունների որակի բարելավմանը», ինչպես նաև՝ «ջրակորուստների նվազեցմանը»։
Միևնույն ժամանակ, ՏԿԵՆ-ը չի տրամադրել տեղեկություն այն մասին, թե արդյոք Մակրոնի հետ հանդիպումներում քննարկվել են «Վեոլիա Ջուր»-ի նկատմամբ հանրային և ինստիտուցիոնալ մտահոգությունները։ Փոխարենը նախարարությունը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահի Հայաստան այցի վերաբերյալ «ՀՀ կառավարությունը մամուլի հաղորդագրությունների միջոցով տրամադրել է համապատասխան տեղեկատվություն», իսկ ՏԿԵՆ-ը հավելյալ տեղեկատվության չի տիրապետում։
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել մայիսի 3-5-ը։
Այցի արդյունքներով կառավարության տարածած հաղորդագրություններում «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքի արդյունավետության, ջրակորուստների կամ կոնցեսիոն պայմանագրի կատարման գնահատման մասին առանձին տեղեկություն չի հրապարակվել։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարությունների ընթացքում Ֆրանսիայի նախագահը ջրային ոլորտը ներկայացրել է որպես հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության մաս՝ նշելով, որ Ֆրանսիան հպարտ է Հայաստանում «ջրային ոլորտում մասնակցություն ունենալու» համար՝ «Վեոլիայի» մասնակցությամբ։
Մակրոնը նույն հայտարարությունում հիշատակել է նաև ջրամբարների կազմակերպումը, Վեդիի ջրամբարի կառուցումը, ոռոգման համակարգերի վերականգնումն ու արդիականացումը՝ դրանք կապելով Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրերի հետ։
Մայիսի 5-ին հրապարակված մեկ այլ հաղորդագրությամբ կառավարությունը հայտնել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր, ինչպես նաև փոխանակվել են մի շարք փաստաթղթեր։ Դրանց թվում նշված են Բարգուշատի թունելի կառուցման, հանրային քաղաքականության վարկավորման, մատչելի բնակարանային ապահովման, պաշտպանական, բարձր տեխնոլոգիական, կրթական և մշակութային ոլորտների փաստաթղթեր, սակայն հաղորդագրության մեջ «Վեոլիա Ջուր»-ի գործունեության գնահատման կամ ջրամատակարարման համակարգի խնդիրների վերաբերյալ առանձին փաստաթուղթ չի հիշատակվում։
Վարչապետի և Ֆրանսիայի նախագահի ընդլայնված կազմով հանդիպման մասին հաղորդագրությունում նույնպես հիմնական շեշտադրումները վերաբերում են քաղաքական հարաբերություններին, ռազմավարական գործընկերությանը, պաշտպանությանը, անվտանգությանը, տնտեսական համագործակցությանը և ներդրումներին։ Մակրոնը նշել է, որ անհրաժեշտ է ամրապնդել համագործակցությունը նաև «տնտեսական հարաբերությունների և ներդրումների ոլորտներում»։
Այսպիսով, ՏԿԵՆ-ի պատասխանից և կառավարության հրապարակած հաղորդագրություններից պարզ է դառնում, որ պետական մակարդակում ջրային ոլորտը հիշատակվել է հայ-ֆրանսիական համագործակցության համատեքստում, սակայն հրապարակային աղբյուրներում չկա տեղեկություն, որ Մակրոնի այցի ընթացքում պաշտոնապես քննարկվել են «Վեոլիա Ջուր»-ի գործունեության արդյունավետության, ջրակորուստների, պայմանագրային պարտավորությունների կամ հնարավոր վերահսկողական միջոցների հարցերը։
Փաստացի՝ նախարարությունը հաստատում է միայն, որ կառավարությունն ու «Վեոլիա Ջուր»-ը 2024 թվականից համատեղ իրականացնում են արդիականացման աշխատանքներ մինչև 2031 թվականը, իսկ Մակրոնի այցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրում։ Սա նշանակում է, որ հանրային կարևորության հարցը՝ արդյոք ֆրանսիական կողմի հետ բարձրացվել են ջրամատակարարման համակարգում առկա աղմկահարույց խնդիրները, շարունակում է մնալ անպատասխան»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում