«Հրապարակ». Սա պետպատվերի ընդլայնում է, ոչ թե համընդհանուր ապահովագրություն

Առողջապահության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի տվյալներով, համակարգի ներդրումից ի վեր, այսինքն՝ 100 օրում, իրականացվել է 68 հազար վիրահատություն: Սրանք այն միջամտություններն են, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը հիշատակում է իր բոլոր նախընտրական հանդիպումների ժամանակ: Իրո՞ք այդքան վիրահատություն է արվել 3 ամսում, ո՞ր մասն է անվճար, եւ արդյո՞ք սա միայն Նիկոլ Փաշինյանի կառավարման «հմայքներից» է: Հարցերն ուղղեցինք առողջապահության ոլորտի փորձագետ, Պետական առողջապահական գործակալության նախկին ղեկավար Ծաղիկ Վարդանյանին, որը դեմ է, որ գործընթացն անվանենք առողջապահության ապահովագրություն: «Ապահովագրությունն ունի մի շատ կարեւոր հատկանիշ՝ շեշտը դնում է պրոֆիլակտիկ բուժզննությունների եւ հետազոտությունների վրա, որպեսզի մարդիկ քիչ դիմեն հիվանդանոց: Գովաբանել, թե՝ տեսեք, ինչքան շատ ենք վիրահատում, տեսեք, թե ինչ լավ է, ամենեւին էլ մասնագիտական մոտեցում չէ: Սա ընդամենը PR քայլ է, թմբկահարվող նախընտրական թեզ»,- ասում է նա:

– Նախկինում էլ ինչ-որ բաներ անվճար էին: Ինչո՞վ է տարբերվում Փաշինյանի՝ ապահովագրություն ասվածը:

– 2014 թվականին զինծառայողի ընտանիքի անդամները եւ նրանց հավասարեցված անձինք, կառավարության որոշմամբ, ներառվեցին նորագույն թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող բժշկական ծառայությունների շահառուների մեջ: Նրանք արդեն շատ վաղուց այդ բուժօգնությունը՝ ստենտավորումներ, տարբեր վիրահատություններ, ստանում են: Հետո մինչեւ 7 տարեկան երեխաների բուժօգնությունը՝ պետական պատվերով, փոխարինվեց մինչեւ 18 տարեկանների բուժօգնությամբ: Ու էլի գումարներ ավելացվեցին: Հետո առաջին եւ երկրորդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձանց համար նույն պրոցեսը կատարվեց: Հիմա եկել է մի իրավիճակ, որ ֆինանսական որոշակի միջոցներ են ներդրվել առողջապահությունում, ավելացվել է առողջապահության բյուջեն, եւ դրա արդյունքում 65+ քաղաքացիները նույնպես սկսել են բուժօգնությունից օգտվել: Իրականում, նրանց մոտ, իհարկե, բուժօգնության պահանջարկն ավելի մեծ է՝ տարիքով պայմանավորված: Բայց ինչքան էլ բարձր լինեն, ընդհանուր դիմելիությունը 10 տոկոսը չի անցնում, ըստ հետազոտությունների, եւ պետք է հասկանալ, որ առաջին մի քանի ամսում լինելու է 10 տոկոսին մոտ դիմելիության ցուցանիշ: Հետո աստիճանաբար նվազելու է, ինչպես եղավ զինծառայողների ընտանիքների, երեխաների վրա տարածելու ժամանակ: Բայց այսպես բարձրաձայնել, թմբկահարել, թե, գիտեք, մենք մի հրաշք բան ենք արել, մարդիկ եկան, վիրահատվեցին, շնորհակալ եղեք եւ այլն, երբեք չի եղել: Սա պետպատվերից օգտվող խմբերի ավելացում է, որը շարունակական պրոցես է: Պարզապես այս փուլում անունը դրել են ապահովագրություն: Նորագույն թանկարժեք տեխնոլոգիաները հանվել են, դարձել է ընդամենը ծառայությունների փաթեթ, դիզայներական փոփոխություններ են:

– Որքանո՞վ է ռեալ 100 օրում 68 հազար վիրահատությունը, սա արտառոց թիվ չէ՞:

– Դա զարմանալի բան չէ: Եթե ուսումնասիրենք անցյալ տարիները, ապա կտեսնենք, որ վիրահատական միջամտություններ ոչ պակաս թվով արվել են նաեւ մինչեւ այս փոփոխությունները: Ինչո՞ւ է շատ այս թիվը: Նախ՝ ունենք արտահիվանդանոցային բժշկական ծառայություն հիվանդանոցային պայմաններում, որտեղ հոդախախտը, կտրվածքը, կոտրվածքը, մի փոքր վիրաբուժական միջամտությունը համարվում են հիվանդանոցային ծառայություն: Սա գումարվում է ու մեծ թիվ է կազմում: Տարվա ընթացքում մեծ թիվ է դառնում: Երկրորդ․ դրանք շատ են, որովհետեւ ապահովագրական ու մինչ այդ էլ պետպատվերի փաթեթներում հիմնականում վիրաբուժական միջամտություններ են ներառված, թերապեւտիկ բուժօգնությունը ներառված չէ: Այնպես որ, սրանք ճչացող թվեր չեն: Ամիսը ստացվում է առնվազն 12-13000: Եվ հետո՝ շահառուների թիվն է ավելացել: Ավելի արտառոց է այն, որ առանց ինֆրաստրուկտուրայի նախապատրաստման, առանց վերապատրաստումների, անգամ ապահովագրական հիմնադրամի մասնագետների պակասով, անգամ «Արմեդ»-ի այս վիճակով, որ իրենք չգիտեն, թե ինչ անեն, ինչ ձեւով է լինելու էլեկտրոնային համակարգը, անպատրաստ մտել են այս գործի մեջ միայն նրա համար, որ առաջին մի քանի ամսվա ընթացքում վիրահատություններ անեն, քարոզչական էֆեկտ ունենալով: Եթե այսպես էին անելու, այսքան անպատրաստ էին մտնելու, եթե ծառայությունների գները չէին փոխվելու, ընթացակարգերը չէին բարելավվելու, նույն «Արմեդ»-ի հավելվածն էր օգտագործվելու, ուրեմն մենք 22-ին էլ, 24-ին էլ, 25-ին էլ կարող էինք մտցնել իրենց ասած ապահովագրությունը: Արվել է 26-ի սկզբին, որովհետեւ հունիսին կան ԱԺ ընտրություններ: Հարցրեք ձեզ վստահող, ծանոթ բժիշկներին, բուժքույրերին, թե արդյոք պատրա՞ստ էր համակարգը, արդյոք որակյա՞լ է բուժօգնությունը, արդյոք անվճա՞ր է ամենը, եւ կտեսնեք իրական վիճակը: ԲԿ-ներ կան, որ ասում են՝ մենք չունենք անվճար հիվանդասենյակ: Հիմա հարց՝ ապահովագրությամբ բուժվողները վճարում չե՞ն արել:

– Բայց եթե սա ապահովագրություն չէ, ապա ի՞նչ է:

– Ապահովագրությունն այսպես չի մտցվում: Ապահովագրության համար ինֆրաստրուկտուրան պատրաստ չէր, բուժկազմակերպություններում մի խայտառակ վիճակ է: Ծանրաբեռնվածությունը հասել է նրան, որ անորակ բուժօգնություն են մատուցում: Մեկ բժիշկը չի կարող 50 եւ ավելի այցեր սպասարկել, եւ այս բոլորի մեջ ստացվել է մի կծիկ, որտեղ կարեւորը նա է, որ մարդիկ գնում են վիրահատվեն: Ոչ, կարեւորը պետք է լինի նա, որ նախավիրահատական, հետվիրահատական ընթացքը ու շարունակական բուժումը ճիշտ կազմակերպվեն, եւ քաղաքացին արդյունքում պետք է լինի առողջ, որ ավելի որակյալ կյանք ապահովենք քաղաքացու համար: Ընդամենը գումար են ավելացրել: Միջնաժամկետ ծախսերի ծրագրով բազմիցս այս հաշվարկներն արվել են անցյալ տարիներին, ներկայացվել են կառավարություն, ԱԺ, մերժվել են՝ փող չլինելու պատճառով։ Այս անգամ փողն ինչ-որ տեղից գտել են, վերցրել են պարտքեր, հենց հատկապես դրա համար Ասիական զարգացման բանկը եւ ՀԲ-ն տվել են մոտ 154 մլն դոլարի կարգի պարտքեր, վարկեր, ու այսպես՝ անպատրաստ վիճակում սկսել են իրականացնել՝ զուտ ելնելով նախընտրական շրջանում ներկայացնելու ու PR տրամաբանությունից:

– Այնպես են ներկայացնում, կարծես Փաշինյանն իր գրպանից է տալիս այդ գումարները: Մենք չե՞նք վճարում առողջության ապահովագրություն կոչվածի համար:

– Աշխատող քաղաքացիների վրա ավելացել է հարկ, պարտադիր վճար, ու եթե այս տարի ինչ-որ ձեւով այն սուբսիդավորվում է, հարցրեք ձեր սիրելի իշխող վարչակազմին՝ արդյոք հետո է՞լ է այդպես լինելու՝ 2027, 2028 թվականներին: Իհարկե՝ ոչ: Հիմա հատուկ բյուջեում գումար է դրվել, որը մյուս անգամ այդ տողով էլ չի դրվի:

– Ի՞նչ է պետք անել:

– Ավելի լուրջ է պետք վերաբերվել: Չկա ներդրված որեւէ մեխանիզմ, որ կարողանան մարդկանց ավելի առողջ պահել: Ընդամենը ծառայություններ են մտցրել ամենախոցելի խմբի համար՝ շնորհակալություն ակնկալելով: Սա ոչ թե ապահովագրական կամ առողջական, այլ նախընտրական ծրագիր է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *