

Մայիսի 11-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացված «Կանաչ օրակարգ Հայաստան» համաժողով 2026-ը համախմբել էր շուրջ 300 մասնակցի, ավելի քան 40 խոսնակի՝ քննարկելու Հայաստանի բնապահպանական առաջնահերթությունները, իրականացման հիմնական մարտահրավերները և ավելի կանաչ ու դիմակայուն ապագա տանող ուղիները։
Հայաստանի՝ COP17-ի հյուրընկալությանն ընդառաջ՝ համաժողովը կարևոր հարթակ ծառայեց՝ գնահատելու կանաչ անցման տարբեր ուղղություններով արձանագրված առաջընթացը, վերհանելու առկա խնդիրները և խթանելու երկխոսությունը պետական կառույցների, միջազգային գործընկերների, փորձագիտական համայնքի, ակադեմիական շրջանակի, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի միջև։
Համաժողովը, Եվրոպական միության EU4Green Recovery East ծրագրի հետ համագործակցությամբ, կազմակերպվել էր Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Կանաչ օրակարգ Հայաստան» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից։ Այս տարվա համաժողովը դարձավ Հայաստանում գործող կանաչ անցմանն ուղղված երկու խոշոր ծրագրերի համատեղ առաջին մեծ նախաձեռնություններից մեկը։
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն և «Կանաչ օրակարգ Հայաստան» ծրագրի ղեկավար Ալեն Ամիրխանյանը նշեց, որ հույս ունի՝ համաժողովը կդառնա երկարաժամկետ ամենամյա հարթակ Հայաստանի բնապահպանական առաջընթացի գնահատման և տարբեր ոլորտների միջև համագործակցության ամրապնդման համար։
Ամիրխանյանը նաև կարևորեց EU4Green Recovery East ծրագրի հետ այս տարվա համագործակցությունը՝ այն գնահատելով որպես Հայաստանում համանման առաջնահերթություններով աշխատող ծրագրերի միջև համակարգման ու համագործակցության խորացման կարևոր քայլ։ «Որքան ավելի շատ համագործակցենք համաձայնեցնենք մեր ջանքերը, այնքան ավելի լավ արդյունքներ կունենանք Հայաստանի համար և երկրի՝ ԵՄ ու համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման հարցում», – նշեց նա։
EU4Green Recovery East ծրագրի հայաստանյան ներկայացուցիչ Վահագն Տոնոյանը նույնպես ընդգծեց ծրագրերի միջև համագործակցության կարևորությունը։ «Համաժողովը կարևոր հարթակ էր Հայաստանում կանաչ անցման ընթացքը քննարկելու համար՝ միավորելով քաղաքականություն մշակողներին, ակադեմիական համայնքին, քաղաքացիական հասարակությանը, միջազգային գործընկերներին և անկախ փորձագետներին։ Նման ծրագրերի միջև համագործակցությունն ու համատեղ գնահատումները արժեքավոր պատկերացում են տալիս հետագա քայլերի համար», – նշեց նա։
Տոնոյանը հավելեց նաև, որ քննարկումները նաև օգտակար էին Հայաստանում EU4Green Recovery East ծրագրի առաջնահերթությունների և անելիքների վերաարժևորման տեսանկյունից։
Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտում «Կանաչ օրակարգ Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագրերի ղեկավար Սոֆյա Ստրայվը կարևորեց փաստերի ու տվյալների վրա հիմնված որոշումների կայացումը, հատկապես Հայաստանի համար անցումային փուլում։ Նրա խոսքով՝ «Կանաչ օրակարգի» պես ծրագրերը հենց այն անհրաժեշտ գիտելիքն ու վերլուծական հենքն են տրամադրում, որոնք պետք են հեռահար որոշումներ կայացնելու համար։ «Այս ճանապարհին յուրաքանչյուր քայլը վճռորոշ է, քանի որ դրանից է կախված վերջնական ուղղությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ ծրագիրն օգնում է ավելի խորքային պատկերացնել, թե կանաչ անցման ուղիները երկարաժամկետ հեռանկարում ինչ ազդեցություն կունենան երկրի վրա։
Հայաստանում Շվեդիայի թագավորության փոխդեսպան, զարգացման համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Կլաս Վալդենստրյոմը հայտնեց, որ կանաչ անցումը շարունակում է մնալ ինչպես Շվեդիայի միջազգային համագործակցության, այնպես էլ Հայաստանի երկարաժամկետ զարգացման առաջնահերթություններից մեկը։ «Կանաչ անցումը մենք դիտարկում ենք ոչ միայն որպես բնապահպանական և կլիմայական անհրաժեշտություն, այլ նաև որպես մրցակցային առավելություն», — ասաց նա՝ ընդգծելով, որ առաջիկա հիմնական մարտահրավերը լինելու է իրականացումը։
Վալդենստրյոմը նաև ընդգծեց կառավարությունների, ակադեմիական հաստատությունների և միջազգային կառույցների համագործակցության նշանակությունը բնապահպանական բարեփոխումների առաջմղման և COP17-ին Հայաստանի նախապատրաստման գործում։
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսն անդրադարձավ գլոբալ մակարդակում կանաչ անցման քաղաքականությունների շուրջ առկա մարտահրավերներին՝ ընդգծելով այս թեմաների հանրային և քաղաքական օրակարգում պահպանման կարևորությունը։
«Թե՛ Եվրոպայում և թե՛ Հայաստանում մեզ անհրաժեշտ են խելացի կարգավորումներ, որոնք միաժամանակ կպաշտպանեն շրջակա միջավայրը և ճիշտ խթաններ կստեղծեն, որպեսզի բիզնեսները դառնան ավելի պատասխանատու դերակատարներ», – նշեց նա։ Հեսսը նաև ընդգծեց, որ շրջակա միջավայրի պաշտպանությունն ու տնտեսական զարգացումը չպետք է դիտարկվեն որպես իրար հակասող ուղղություններ, և կարևոր է կանանչ անցման ժամանակ պահպանել հավասարակշռությունը էկոլոգիական կայունության ու տնտեսական իրողությունների միջև։
Հայաստանի կանաչ անցման տարեկան գնահատականը
«Կանաչ օրակարգ Հայաստան» ծրագրի՝ ԵՄ քաղաքականությունների հարցերով խորհրդատու Իվանա Միյատովիչը տարեկան անդրադարձը սկսեց՝ ներկայացնելով Հայաստանի կանաչ անցման վերաբերյալ ազգային համապարփակ գնահատման (2025) զեկույցի հիմնական եզրակացությունները։ Այնուհետև քննարկման մասնակիցները ներկայացրին, թե այդ ժամանակից ի վեր ինչ նոր զարգացումներ են արձանագրվել՝ առանձնացնելով կլիմայական քաղաքականությունների, կայուն ֆինանսավորման, սննդային համակարգերի, տրանսպորտի և կենսաբազմազանության ոլորտներում ընթացող ակտիվ գործընթացները։
Միյատովիչը նաև վարեց պանելային քննարկում՝ նվիրված Հայաստանի կողմից ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում ստանձնած պարտավորությունների իրականացմանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ԵՄ մոտարկման գործընթացների, ինստիտուցիոնալ բարեփոխումների և կայուն քաղաքականությունների իրականացման հետ կապված հնարավորություններին ու գործնական մարտահրավերներին՝ հարգելով տնտեսական զարգացումները և սոցիալական համախմբվածությունը։
Միյատովիչը շեշտեց, որ 2025 թվականի դեկտեմբերին ընդունված Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգն ու CEPA-ն «հստակ ուղենիշ են բարելավված կառավարման, համակարգային քաղաքական պլանավորման և տնտեսական զարգացման համար»՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի արձագանքին՝ ուղղված կենսաբազմազանության կորստի, աղտոտման, կլիմայի փոփոխության և էներգետիկ անցման հետ կապված մարտահրավերներին։ Նա նաև ընդգծեց Հայաստանի ինստիտուցիոնալ և վարչական կարողությունների ամրապնդման կարևորությունը՝ շրջակա միջավայրի բարեփոխումների արդյունավետ իրականացումն ու կիրառումն ապահովելու նպատակով։
«Կանաչ օրակարգ» ծրագրի մասին
«Կանաչ օրակարգ Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագիրը նպատակ ունի աջակցել այդ երեք երկրներին՝ զգալի առաջընթաց գրանցելու «Եվրոպական կանաչ գործարքի» (EGD) հավակնոտ նպատակներին հասնելու ուղղությամբ, որոնք են տնտեսական աճը, կլիմայական չեզոքությունը, աղտոտման կանխարգելումը և կենսաբազմազանության պաշտպանությունը։ Ծրագիրը մեկնարկել է Երևանում՝ 2023 թվականի դեկտեմբերին՝ որպես Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) և ՀՀ կառավարության միջև Շվեդիայի աջակցությամբ իրականացվող համագործակցային նախաձեռնություն։ Հայաստանում շվեդական ինստիտուտի՝ ծրագրի իրականացնող գործընկերն է Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը։
Մայիս 21, 2026 at 12:39