«Երկիր Հայրական» վոկալ պոեմի առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում


Մշակույթ


Մայիսի 26-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված «Երկիր Հայրական» վոկալ-էպիկական պոեմի առաջնախաղը, որի երաժշտության հեղինակն է ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովը։ Թարգմանությունը Ալեքսանդր Բլոկինն է։ Նախագծի ռեժիսորը ԵՊԿ պրոֆեսոր, ռեժիսոր՝ Արսեն Ղազարյանն է։

Վոկալ պոեմը բաղկացած է Իսահակյանի՝ տարբեր տարիների գրված 11 բանաստեղծություններից, որոնք առաջին հայացքից լինելով իրարից տարբեր, օրգանապես կապված են միմյանց հետ։

Պոեմը գրված է տղամարդկային ձայների՝ բասի և տենորի համար (դաշնամուրի ուղեկցությամբ), որոնք կկատարեն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատարներ Հայկ Տիգրանյանը (բաս) և Հովհաննես Անդրեասյանը (տենոր)։ Դաշնակահար՝ Լյուսիա Շահնազարյան։

Ավ. Իսահակյանի բանաստեղծությունները հնչում են պոեմի բեմադրիչ՝ Արսեն Ղազարյանի կատարմամբ:

«Երկիր Հայրական» ստեղծագործության առանցքում Հայրենիքի գաղափարն է, որը ֆիզիկական տարածք չէ, այլ հոգևոր տարածություն։

«Երկիր Հայրականը» Սվիրիդովի վոկալ պոեմների շարքում առաջնեկն էր (1950թ.), որին հաջորդում են Բլոկի, Մայակովսկու,  Եսենինի և այլոց խոսքերով  գրված պոեմները։

«Երկիր Հայրական» վոկալ պոեմի կատարումն առաջին անգամ է Հայաստանում հնչելու ամբողջական տեսքով՝ ներկայանալով որպես վոկալ-բեմականացված և ռեժիսորական ծավալուն աշխատանք պահանջող ինքնատիպ ստեղծագործական կտավ։ Այս նախաձեռնությունը կհամալրի թանգարանի մշտական ծրագրերի շարքը, իսկ ամառային ամիսներին «Երկիր Հայրականը» կտեղափոխվի թանգարանի բացօթյա հարթակ՝ շարունակելով ներկայացումները բաց երկնքի տակ։

Նախագիծն իրականություն է դարձել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և «Ասք» կրթամշակութային կենտրոնի հետ  համագործակցությամբ։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *