Անդրադառնալով խոսակցություններին, թե սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում Տիգրանաշենը կարող է անցնել Ադրբեջանին, Միքայելյանն ասել է․ «Սահմանազատումը թող մի հատ լինի, մենք վռազ ենք, հա՞։ Կիրանցի համար էլ ասում էիք, որ սահմանազատում եղավ՝ դպրոցներ կփակվեն, չգիտեմ ինչեր կլինեն։ Այսօր հենց այդ սահմանամերձ գյուղերը սաղ հարցնում են, թե սահմանազատումը երբ կլինի, որ պրծնեն։ Ենթադրությո՞ւն է դա, թե ուղիղ իրականություն»։
Միքայելյանը նշել է նաև, որ Արծվաշենը պետք է վերադարձվի Հայաստանին, քանի որ այն հայկական տարածք է։
«Արծվաշենը մեր տարածքն է, պիտի տան։ Ինչքան հիշում եմ՝ 40 հազար քմ է։ Բայց 19-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք։ Դա դեռ ոչ մի բան որոշված չէ, դա ձեր ենթադրություններն են, որ պետք է ինչ-որ այլ տարածքի հետ փոխվի։ Ես կողմ կլինեմ, որ փոխվի։ Տիգրանաշենում բնակվող մարդիկ էլ կշարունակեն բնակվել, ինչ պետք է լինի։ Նորից եմ կրկնում՝ տեսաք Կիրանցում ինչ արեցին ընդդիմադիր ուժերը, հելան, պտտվեցին, ասում էին, որ եկեղեցին մնում է ադրբեջանական կողմին։ Եղա՞վ, չեղա՛վ»,- ասել է նա։
Քարոզարշավին մասնակցելու վերաբերյալ խոսելով՝ Միքայելյանն ասել է, որ առաջին օրը չէ, որ մասնակցում է, և վստահ է, որ հաղթելու են։
Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին Աղվերանի հանդիպումի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել և փոխանակել էին սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ երեք ուղեցույցների նախագծերի տեքստերը։ Կողմերը պայմանավորվել էին դիմել իրենց կառավարություններին՝ ուղեցույցները հաստատելու համար։ Այսինքն՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները համապատասխան որոշումներով պետք է հաստատեն այդ ուղեցույցները։