Վաղ առավոտյան ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան»–ի գրասենյակ (վիդեո)

Այսօր՝ մայիսի 22–ին, վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ։ Կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը Facebook–ի իր էջում «լայվ» է մտել, որտեղ նա պահանջում է իրավապահներից նախ ծանուցագիր ներկայացնել, նոր սկսել քննչական գործողությունները, որից հետո միայն ինքը կանջատի հեռախոսը։

Իրավապահները պահանջում են անջատել հեռախոսը, քանի որ սա գաղտնի քննչական գործողություն է։ Այնտեղ է նաև Անդրանիկ Թևանյանը։

«Այս պահին դիմակավորված անձինք ու քննիչները Անդրանիկ Թևանյանի աշխատասենյակում են։ Հայաստանի թիվ մեկ դավաճանը ուրիշներին է մեղադրում դավաճանության մեջ»,–ասում է Մանուկյանը։

Հիշեցնենք, որ երեկ Անդրանիկ Թեւանյանի վերաբերյալ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՔԿ–ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Ա.Թ.-ն հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ»,– հայտնել են ՔԿ–ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *