Մայիսի 21-ին՝ ժամը 22․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծափաթաղ ճանապարհին՝ Ծովագյուղ բնակավայրի տարածքում, վրաերթի հետևանքով մահացած կին կա։
Դեպքի վայր մեկնած Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կնոջ՝ Մարիաննա Բ․-ի հետ «Մերսեդես» մակնիշի մեքենայով Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում էլ կինը դուրս է նետվել մեքենայից և մահացել։
Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մայիսի 22-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Ճամբարակի խաչմերուկում՝ «Խաչմերուկ» օբյեկտի դիմաց կայանված «Mercedes G» մակնիշի ավտոմեքենայում դի կա։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, քրեական և համայնքային ոստիկանները «Mercedes G» («Յաշիկ») ավտոմեքենայի հետևի նստատեղին հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, արնանման հետքեր։ Իրավապահները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Մարիաննա Բ.-ն է, իսկ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 21-ամյա Հայկ Ղ.-ն։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ և առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ոստիկանները Հայկ Ղ.-ին ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կինը եղել է հղի։ Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ չենք հայտնում։