Անդրանիկ Թևանյանի և Մարտուն Գրիգորյանի նկատմամբ ճնշումներն այլ բանի մասին են։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Շատ դժվար է, եթե չասեմ՝ անհնար է ինձ մեղադրել Անդրանիկ Թեւանյանի հայացքների եւ գործունեության համակիրն ու աջակիցը լինելու մեջ։
Դժվար է նաեւ գտնել նաեւ ինձանից բացի մեկ այլ գործիչ, ով հանրային դաշտում երկար եւ սուր հակադրության նախապատմություն ունի Թեւանյանի հետ։
Բայց…
Նիկոլի շուրթերով հնչեցված, ԱԱԾ-ի կողմից հաղորդագրության վերածված եւ զարգացումներ ստացած կոնկրետ հարձակումը զավեշտ է եւ բացահայտ քաղաքական հետապնդում։
Այո, Պլատոնն իմ ընկերը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։
Անգամ չեմ ցանկանում այս պահին հիշեցնել գործող վարչախմբի կարկառուն անդամների լրտեսության հետ կապված շատ ավելի հիմնավոր կասկածները։
Այս հարձակումը եւ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ նոր ճնշումները այլ բանի մասին են. ԲՀԿ-ն, որի առաջին տասնյակում են Անդրանիկ Թեւանյանը եւ Մարտուն Գրիգորյանը, այս պահին ոչ միայն անցնում է խորհրդարան, ոչ միայն տանում է հենց Նիկոլի ձայներից, այլեւ ամրապնդում է ընդդիմադիր հնարավոր կոալիցիան խորհրդարանում»։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ-ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և քննչական գործողություններ են սկսել։
Խուզարկություն է իրականացվել նաև «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թեւանյանի բնակարանում։