Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում մի շարք զինված հարձակումների հետևանքով 8 մարդ է զոհվել։ Ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացնում կասկածյալին գտնելու համար, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Անադոլու» գործակալության տվյալներով՝ Այազինի գյուղի մոտ հայտնաբերվել է երեք մարդու մարմին, ևս երեքը զոհվել են Քըյըր գյուղի մոտ։ Յուքարըթանդըր գյուղում հայտնաբերվել է երկու վիրավոր կին։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ երկուսն էլ մահացել են հիվանդանոցում։
DHA գործակալության տեղեկություններով՝ ենթադրյալ հարձակվողը տեղաշարժվել է ավտոմեքենայով և օգտագործել որսորդական հրացան։ Հարձակումներից հետո նա դիմել է փախուստի։ Կասկածյալի որոնումները շարունակվում են, իսկ նրա ինքնությունը, գործակալության հաղորդմամբ, արդեն պարզվել է։
Նահանգի իշխանությունները հաստատել են 8 մարդու մահվան մասին տեղեկությունը և հայտնել մեկ ծանր վիրավորի մասին։ Դեպքի հանգամանքները պարզվում են, դատախազությունը հետաքննություն է սկսել։ Հարձակումների դրդապատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռ չի հրապարակվել։