
Ռուսաստանի հետ հարաբերությունները պատմական վատթարագույն մակարդակի հասցրած եւ հակառուսական կուրս որդեգրած Փաշինյանը քարոզարշավի ժամանակ գովեստի անակնկալ խոսքեր շռայլեց Պուտինի հասցեին, թեպետ նրա խոսքերին ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ, առավել եւս Ռուսաստանում, չհավատացին։ Չհավատացին՝ ոչ միայն լավ իմանալով նրա էությունն ու, ինչպես ճիշտ են նկատել՝ «քաղաքական դիջեյ» լինելը, այլեւ դրանից առաջ եւ հաջորդիվ զեղումները։ Նրա՝ «երկու աթոռի վրա նստելու» կամ «միաժամանակ երկու հարսանիքում պարելու» հնարքը, այդ թվում՝ նախընտրական շրջանում, հաստատ չանցավ։
Հիշեցնենք, որ վերջին ելույթներից մեկի ժամանակ Փաշինյանը վստահեցրեց, թե ՌԴ նախագահն իր ընկերն է, Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի կտրուկ գործողություն չի անելու, ավելին՝ խորացնելու է հարաբերությունները, որ ՌԴ-ն գերտերություն է, որին պետք է ակնածանքով վերաբերվել։ Սակայն նույն անձը պնդում է, թե Սամվել Կարապետյանը ՌԴ-ի գործակալ է, Հայաստան է ուղարկվել՝ իշխանություն վերցնելու նպատակով, սակայն ունեզրկվելու է ուղարկողի կողմից (ակնարկում է Պուտինին)։ Նշում է, որ ընդդիմությունը կրկին ուզում է խաղաղության երաշխավորներ բերել, ովքեր արդեն իսկ դավաճանել են Հայաստանին ու Արցախին (էլի ակնարկում է Պուտինին)։ Պարբերաբար խոսում է հիբրիդային պատերազմի, «հինգերորդ շարասյան» ու այլ տեսիլքների մասին, որոնց Մոսկվան վաղուց սպառիչ պատասխան է տվել, բայց վերջին օրերին՝ հատկապես առավել հասցեական ու առավել վերջնագրային։ Նախ, մայիսի 20-ին Փաշինյանին ու նրա իշխանախմբին Ռուսաստանից հասցվեց հերթական քաղաքական ապտակը։ Հերթն այս անգամ ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուինն էր, որը կառույցի աշխատանքային հատուկ խմբի նիստում հայտարարեց՝ Հայաստանը ձեռնարկել է մի շարք գործողություններ, որոնք ակնհայտորեն անբարյացակամ են եւ չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն։
Ի թիվս դրանց՝ Շոյգուն նշել է ՀՀ-ի անդամակցությունը ՄՔԴ-ին, ՌԴ քաղաքացիների արտահանձնումը երրորդ երկրներ, ռուս տնտեսվարողների պայմանների վատթարացումը, ԵՔՀ գագաթնաժողովի հարթակը՝ Ռուսաստանին սպառնալու համար Վոլոդիմիր Զելենսկուն տրամադրելը, միջազգային հարթակներում ԵՄ դիրքորոշմանը սատարելը, ՌԴ-ի հետ ոչ բարյացակամ երկրների հետ ռազմավարական գործընկեր դառնալը եւ այլն։ Միաժամանակ նա փաստարկված վիճակագրություն է ներկայացրել, թե ինչ եզակի շահավետություն ունի Հայաստանը ինչպես Ռուսաստանի հետ, այնպես էլ՝ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունից։ Մոսկվայի հետ համագործակցությունը Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժն է. դժվար է վիճել այդ փաստի հետ։
«Ռուս եւ հայ ժողովուրդներին միավորում են դարավոր բարեկամության կապերը եւ ընդհանուր պատմությունը, ներառյալ օտարերկրյա զավթիչներին դիմադրությունը։ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ Հայաստանը պահպանեց իր ինքնիշխանությունը 1990-ականներին. հենց Ռուսաստանի միջնորդությունն էր, որ թույլ տվեց դադարեցնել մարտական գործողությունները 2020 թվականին եւ վերադարձնել իրավիճակը խաղաղ կարգավորման»,- հավելել է ՌԴ ԱԽ քարտուղարը։
Նույն օրը ՌԴ ԱԽ հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հերքեց տեղեկություններն այն մասին, թե ռուս դիվանագետների կողմից Հայաստանի շահերի դեմ ուղղված գործողություններ են տեղի ունենում․ «Վերջերս հակառուսական լրատվամիջոցը հրապարակել է իրականությանը բացարձակապես չհամապատասխանող զրպարտություն, ըստ որի՝ Հայաստանում, Երեւանում Ռուսաստանի դեսպանատունը, դրա աշխատակիցներն ու դիվանագիտական անձնակազմը, իբր, զբաղվում են Հայաստանի շահերի դեմ ուղղված անօրինական գործունեությամբ»։ Գալուզինը նաեւ նշել է, որ ե՛ւ ԵՄ-ի, ե՛ւ ԵԱՏՄ-ի անդամ անհնար է լինել. Հայաստանը չի կարողանա «միաժամանակ պարել երկու հարսանիքի ժամանակ»։ «Իհարկե, Մոսկվայում չեն կարող ընդունել այն գիծը, որն այսօր վարում է Հայաստանի ղեկավարությունը, որ նա կպահպանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն այնքան ժամանակ, քանի դեռ, այսպես ասած, չի անցել Եվրոպական Միությանն անդամակցությանը: Նման մոտեցումները մեզ չեն կարող բավարարել. դրանք բացարձակապես անընդունելի են»,- նշել է բարձրաստիճան դիվանագետը։ Նրա խոսքով, «Հայաստանին ԵՄ-ին ներգրավելը պոպուլիստական կարգախոս է. նույն մարտավարությունը կիրառվել է Ուկրաինայի եւ Մոլդովայի դեմ։ ԵՄ ներկայացուցիչների խումբն արդեն իսկ ներկա է Հայաստանում, եւ նրանք միջամտում են երկրի ներքին գործերին»,- հավելել է նա։ Ի դեպ, Գալուզինը հերքել է նաեւ Նարեկ Կարապետյանի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ լուրերը։
Հիշեցնենք․ ԵՄ-ԵԱՏՄ անդամակցության անհամատեղելիության մասին ապրիլի 1-ին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Փաշինյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ։ Ավելի ուշ նա հորդորեց ՀՀ իշխանություններին՝ ազնիվ լինել եւ հնարավորինս արագ կողմնորոշվել՝ քաղաքավարի «ապահարզան» ԵԱՏՄ-ի հե՞տ, թե՞ «ամուսնություն» ԵՄ-ի հետ, եւ առաջարկեց այդ հարցով հանրաքվե անցկացնել։ Տեսական հանրաքվեից առաջ, սակայն, մեծ գործ ու այլ առիթ կա․ հունիսի 7-ին Հայաստանում նախանշված ԱԺ ընտրությունները կտան բոլոր հարցերի պատասխանները։