
Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսությունը փակելու հարցը: Այս մասին հայտնել է իսրայելական աղբյուրը թուրքական «BBC Turkish»-ի հետ զրույցում։ Աղբյուրը հաստատել է, որ հյուպատոսության փակման վերաբերյալ քննարկումներ են ընթանում, սակայն դեռևս որոշում չի կայացվել։
Իսրայելական աղբյուրը նշում է, որ Թուրքիայում նշանակված իսրայելցի դիվանագետները ներկայումս իրենց դիվանագիտական ծառայությունն իրականացնում են Բուլղարիայում և դրա հետ մեկետղ նշվել է, որ չգործող շենքերը զգալի ֆինանսական բեռ են ներկայացնում Իսրայելի համար, հաղորդում է Ermenihaber-ը։
Այնուամենայնիվ, որոշ պաշտոնյաներ զգուշացրել են, որ Ստամբուլում հյուպատոսության փակումը կարող է դժվարացնել դրա վերաբացումը ապագայում։
Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները սկսել են լարվել 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «ՀԱՄԱՍ» խմբավորման հարձակումներից հետո, իսկ հետո արդեն սրվել ու արժանացել են կոշտ քննադատությունների Իսրայելի կողմից Գազայի դեմ իրականացված գործողություններից հետո։ Թուրքիայի նախագահն Իսրայելի գործողությունները ցեղասպանություն է որակել։
2023-ի վերջին Թուրքիան հետ է կանչել Թել Ավիվում իր դեսպանին, Իսրայելն էլ իր հերթին է հետ կանչել Անկարայում իր դիվանագետներին, սակայն դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես ամբողջությամբ չեն խզվել։