Դիպլոմից դեպի կարիերայի առաջին քայլ. «ԱՊԱԳԱ» հիմնադրամը պետության և մասնավոր հատվածի համագործակցությամբ ստեղծում է նոր հնարավորություններ ուսանողների համար

Մայիսի 19-ին տեղի ունեցավ «ԱՊԱԳԱ» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Ծրագրի հիմնական նպատակն է համախմբել պետական, մասնավոր և քաղաքացիական հատվածների ջանքերը՝ երիտասարդների զբաղվածության, մասնագիտական զարգացման և աշխատաշուկայում նրանց հնարավորությունների ընդլայնման համար։

«Ապագա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանի փոխանցմամբ՝ կառույցն արդեն շուրջ ութ տարի իրականացնում է կրթական ու սոցիալական ծրագրեր, որոնց առաքելությունը մարդկանց ոչ միայն աջակցելն է, այլև իրենց սեփական ճանապարհը գտնելու և կայուն ապագա կերտելու հնարավորություն տալը։
«Շուրջ երեք տարի իրականացվող «Կրթությունից աշխատանք մեկ քայլ» ծրագիրը յուրահատուկ «կամուրջ» է դարձել մեր երիտասարդների համար։ Մենք փորձում ենք ապահովել նրանց մասնագիտական գիտելիքներով, տրամադրում ենք փորձառության հնարավորություն, աջակցում ուսման վարձերի փոխհատուցմամբ և օգնում գտնել աշխատանք։ Ամենակարևոր արդյունքն այսօր այն է, որ մեր ուսանողը համալսարանն ավարտելիս արդեն ունենում է աշխատանքային փորձ և մրցունակ է լինում աշխատաշուկայում», – նշել է Սոլոմոնյանը։

Հիմնադրամի գործունեությունը և այս նախագծի ստեղծումն ուղղակիորեն կապված են հիմնադիրների՝ հաջողակ գործարարներ Էդուարդ Մարությանի և Արայիկ Կարապետյանի տեսլականի հետ։ Ղեկավարելով ընկերություններ քաղաքաշինության, ներդրումների, ՏՏ և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում՝ նրանք խորապես պատկերացնում են աշխատաշուկայի խնդիրներն ու որակյալ մասնագետների կարևորությունը։ Հիմնադիրների համոզմունքն է, որ հզոր պետությունը սկսվում է հենց կայացած մասնագետից։ Ուստի երիտասարդներին գործնական հմտություններով զինելն ու նրանց համար աշխատանքային հեռանկարներ բացելը դիտարկվում է ոչ թե պարզապես բարեգործություն, այլ ռազմավարական ներդրում ազգային կապիտալի և պետության տնտեսության զարգացման մեջ։

Ծրագիրն արդեն ունի գործնական արդյունքներ, որոնք ձևավորվել են պետական կառույցների և խոշոր բիզնեսի հետ համագործակցության շնորհիվ։ Օրինակ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցության առաջին տարում Հայաստանի տարբեր բուհերից ինը ուսանող հնարավորություն է ստացել անցնելու փորձաշրջան նախարարությունում։ Նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանի խոսքով՝ երիտասարդները պետական համակարգ են բերում նոր գաղափարներ, գիտելիքներ և մոտեցումներ, իսկ ծրագրի մասնակիցներից մեկն այսօր արդեն համալրել է նախարարության աշխատակիցների շարքերը։
Մասնավոր հատվածի հետ կապը նույնպես ամուր է։ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն արդեն երրորդ տարին է՝ ծրագրի շրջանակներում համագործակցում է հիմնադրամի հետ։ Ընկերության արտաքին կապերի կառավարիչ Վիկտորյա Պողոսյանը նշում է, որ հիմնադրամն իսկապես մեծ գործ է անում՝ ուղեկցելով ուսանողին համալսարանից մինչև աշխատավայր. «Համոզված եմ, որ այն մեր համագործակցության ամենակարևոր և ռազմավարական ուղղություններից մեկն է լինելու»։

Այսպիսով, «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ» ծրագիրը ոչ միայն աջակցում է երիտասարդների մասնագիտական կայացմանը, այլև ցույց է տալիս, որ պետություն–կրթություն–մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մոդելը կարող է իրական արդյունքներ ապահովել։ Այս նախաձեռնությունն օգնում է, որպեսզի համալսարանական դիպլոմը դառնա ոչ միայն կրթության ավարտի խորհրդանիշ, այլ նաև նոր հնարավորությունների և մասնագիտական ճանապարհի մեկնարկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *