Շվեդիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնն ու իր դաշնակիցները պետք է ունենան «Պլան Բ»՝ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար․ գրում է CBS News-ը։
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ եթե Թեհրանը հրաժարվի վերաբացել միջազգային առևտրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղին և փորձի այնտեղ սեփական կանոններն ու տուրքերը սահմանել, ապա միջազգային հանրությունը ստիպված կլինի քայլեր ձեռնարկել:
«Մենք բոլորս կցանկանայինք համաձայնության հասնել Իրանի հետ, որպեսզի նեղուցը բացվի, և նրանք հրաժարվեն իրենց միջուկային հավակնություններից, սակայն մենք պետք է ունենանք նաև «Պլան Բ»: Ի՞նչ կլինի, եթե Իրանը հրաժարվի բացել նեղուցը․ այդ ուղղությամբ քայլեր պետք է ձեռնարկվեն»,- նշել է Ռուբիոն:
Պետքարտուղարը հավելել է, որ թեև Միացյալ Նահանգներն ի վիճակի է միայնակ լուծել այդ խնդիրը և օգնության կարիք չունի, մի շարք երկրներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել միանալու հնարավոր գործողություններին։
Չնայած ռազմական սցենարների քննարկմանը՝ Ռուբիոն ընդգծել է, որ Թրամփի վարչակազմը նախապատվությունը տալիս է դիվանագիտական կարգավորմանը և կողմերի միջև ընթացող անուղղակի բանակցություններում արձանագրվել է «աննշան առաջընթաց»։