
«Այսօրվա մեր քարոզարշավը համընկել է վերջին զանգի հետ, ուզում եմ շնորհավորել մեր բոլոր շրջանավարտներին և մաղթել բարի երթ, մեծ նվաճումներ և կանաչ ճանապարհ։ Ուժեղ երիտասարդներ, դուք մեր երկրի ապագան եք, ձեր տաղանդներով Հայաստանը հպարտանալու է և ավելի ճանաչելի է դառնալու ամբողջ աշխարհում»,- այս մասին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
«Երբ միջազգային գործընկերները ինձ հարցնում են, թե ո՞րն է մեր երկրի բրենդը, ես հպարտությամբ կրկնում եմ, որ Հայաստանի Հանրապետության բրենդն է մեր տաղանդավոր երիտասարդությունը։ Գիտեմ, թե որքան հուզված և ոգևորված են մեր շրջանավարտները, գիտեմ նաև ինչքան մտահոգված են նրանց ծնողները, քանի որ մեր կրթական համակարգը բարձիթողի վիճակում է գտնվում այսօր։ Մենք գալիս ենք՝դա արմատապես փոխելու, ուժեղ Հայաստանում կրթությունը ոչ թե նորաձև է լինելու, այլ պարտադիր և շատ բարձր մակարդակի։ Ուժեղ Հայաստանում բարձրագույն կրթությունը անվճար է լինելու։ Ուսանողները ստիպված չեն լինելու աշխատեն մի քանի վայրերում, այլ մտածելու են միայն իրանց կրթության մասին։ Ուժեղ Հայաստանում բուհերը ապաքաղաքական են լինելու, ուժեղ Հայաստանում՝ ուսուցիչը բարձրագույն արժեք է լինելու, քանի որ հենց ուսուցիչն է կերտում մեր երկրի ապագան»,- ընդգծել է Ղումաշյանը։