Փաշինյանը չգիտի, որ ուրիշի երեխային չի կարելի ուտելիք առաջարկել

ՔՊ-ի քարոզարշավի առաջին օրերին Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն բաժանում էր քարոզչական խորհրդանիշ դարձած սրտիկի պատկերով թխվածքաբլիթներ։ Այդ ժեստը վերջին ամիսներին դարձել է իշխանական թիմի ամենաճանաչված սիմվոլներից մեկը, իսկ թխվածքաբլիթները՝ քարոզարշավի ամենաքննարկվող ատրիբուտներից։ Սակայն քարոզարշավի վերջին օրերին՝ մարզային այցերի ժամանակ այդ թխվածքաբլիթներն անհետացել են հանրային միջոցառումներից։ Իշխանական թիմի հանդիպումներին և բակային այցերին այլևս չեն բաժանվում սրտիկով թխվածքաբլիթները։ Հայտնի է, որ թխվածքաբլիթներն արտադրում էր «Գրանդ քենդի» ընկերությունը։ Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք ընկերության մամուլի պատասխանատու Արմինե Քոչարյանի հետ՝ հասկանալու համար, արդյոք արտադրությունը դադարեցվել է պատվերի բացակայությա՞ն պատճառով, թե՞ կան այլ պատճառներ։ Սակայն մեր հարցերը մնացին անպատասխան։ Քոչարյանը չարձագանքեց ո՛չ այն հարցին, թե շարունակվո՞ւմ է արդյոք այդ թխվածքաբլիթների արտադրությունը, ո՛չ էլ՝ արդյոք իշխանական թիմից նոր պատվերներ ստացվել են վերջին օրերին։

Իսկ երեկ Փաշինյանը կրկին Երևանում էր քարոզարշավ իրականացնում ու կրկին երեխաներին սրտիկով թխվածքաբլիթներ էր բաժանում։ Ի դեպ, մանկավարժներն ու երեխաների իրավունքների պաշտպանները մշտապես նշում են, որ օտար երեխաներին չի կարելի ուտելիք առաջարկել՝ առանց ծնողների համաձայնության եւ առհասարակ՝ երեխաներին կաշառելն ու քարոզարշավի մեջ ներառելն արգելված է։ Իսկ երեկ Փաշինյանն ասել է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում՝ կոչվում է «երեխաների հեղափոխություն»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *