Կալիֆոռնիայում քիմիական պայթյունի սպառնալիքի պատճառով ավելի քան 44 հազար մարդ է տարհանվել

Հարավային Կալիֆոռնիայի մի քանի քաղաքներում ավելի քան 44 հազար մարդ է էվակուացվել այն բանից հետո, երբ Գարդեն Գրով քաղաքի «GKN Aerospace» տիեզերագնացության ձեռնարկությունում թունավոր քիմիկատի բաքի պայթյունի վտանգ է առաջացել։ Այս մասին հայտնում է CBS News-ը։

Վնասված արդյունաբերական բաքում կա մոտ 7 հազար գալոն (շուրջ 26,5 հազար լիտր) մեթիլմետակրիլատ. սա ծայրաստիճան ցնդող, դյուրավառ և թունավոր նյութ է, որն օգտագործվում է պլաստմասսայի արտադրության մեջ։ Օրինջ շրջանի հրշեջ ծառայության պետ Քրեյգ Քովիի խոսքով՝ բաքի պայթյունն ու «փլուզումն անխուսափելի է», և դա զուտ ժամանակի հարց է։

Տարհանման գոտին տարածվել է օբյեկտի շուրջը՝ մոտավորապես մեկ մղոն հեռավորության վրա։

Քովիի խոսքով՝ սա իր աշխատանքային կարիերայի 32-ամյա պատմության մեջ ամենավտանգավոր իրավիճակն է եղել։

Ներկայումս քննարկվում են երկու հիմնական սցենարներ՝

• բաքը կփլուզվի, և տարածք կթափվի 6-7 հազար գալոն թունավոր նյութ։

• տեղի կունենա «ջերմային փախուստ»՝ անվերահսկելի քիմիական ռեակցիա, որին կհաջորդի պայթյուն, որը կարող է ազդել վառելիքով և քիմիական նյութերով հարակից տարաների վրա։

Հրշեջները կարողացան կայունացնել բաքի ջերմաստիճանը մոտավորապես 16°C-ի վրա։

Ըստ իշխանությունների՝ ներկայումս ակտիվ թունավոր գազի արտահոսք չկա, և օդի որակը ներկայումս անմիջական սպառնալիք չի ներկայացնում իրենցի։ Այնուամենայնիվ, բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը։

Մեթիլ մետակրիլատը քիմիական նյութ է, որն ավելի ծանր է, քան օդը։ Դրա գոլորշիները նստում են գետնին և կարող են առաջացնել.

• թոքերի գրգռվածություն,

• մաշկի և աչքերի վնասվածք,

• սրտխառնոց,

• գլխապտույտ։

Քիմիկոսները զգուշացնում են, որ նյութն ունի ինքնատաքացման հատկություն։ Արտահոսքի դեպքում անգամ չնչին կայծը, բռնկումը կամ ջերմաստիճանի բարձրացումը կարող են պոլիմերացման շղթայական ռեակցիա առաջացնել, ինչը կհանգեցնի ջերմության արագ արտադրման և ճնշման կտրուկ մեծացման՝ ընդհուպ մինչև հրդեհ և պայթյուն։

Միջադեպը սկսվել է հինգշաբթի կեսօրին՝ «GKN Aerospace» ձեռնարկությունում վտանգավոր նյութերի առկայության մասին ահազանգից հետո։ Սկզբնական շրջանում բաքի ջերմաստիճանը կայուն է եղել, սակայն մի քանի ժամ անց այն սկսել է բարձրանալ, ինչից հետո գործի են անցել վթարային փականներն ու հովացման համակարգը։

Վթարի պատճառը դեռ պարզվում է։ Այս պահի դրությամբ տուժածներ չկան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *