Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում դեռ ընթանում է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդության քննությունը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) թույլտվությունից հետո իրավապահները գիշերը ձերբակալեցին Անդրանիկ Թևանյանին:

ԿԸՀ-ն մոտ 9 ժամ տևած նիստից հետո բավարարել էր դատախազության միջնորդությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուին զրկել անձեռնմխելիությունից։

Դատախազությունը հայտնել էր, որ ԿԸՀ-ն բավարարել է ոչ միայն Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այլև ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունները:

Անդրանիկ Թևանյանը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով, մեղքը չի ընդունում, հետապնդումն էլ համարում է քաղաքական։

Քննչականը, սակայն, հակադարձում է՝ ունեն տեղեկություններ, որ Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և երկու տարի առաջ «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենը, ով ըստ իրավապահների, օտարերկրյա գործակալ է, 622 հազար դոլարի դիմաց Թևանյանից ստացել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ, գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։ Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված այդ նիստին մասնակցել էին արտգործնախարարն ու Սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին «Հրապարակը» հարցրեց, թե ինքը տեղյա՞կ է, թե խոսքը կոնկրետ ԱԺ որ փակ նիստի մասին է, և կոնկրետ այդ ի՞նչ գաղտնի տեղեկություն կարող է փոխանցած լինել Թևանյանը, որն արժե 622 հազար դոլար։ Դաշնակցական պատգամավորը մեզ հետ զրույցում խոսելով թեմայի մասին, նկատեց․

«Խոսքը վերաբերում է Ազգային ժողովի ապրիլի 9-ի փակ նիստին, որի սղագրությունն ի դեպ կա ԱԺ կայքէջում։ Փակ նիստը տեղի ունեցավ ժամը 14։30-ից մինչև 17։00-ն, հայ-ադրբեջանական սահմանազատման, սահմանագծման հետ հապված քննարկում էր, որին ներկա էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Անգամ ասեմ, որ երբ փակ նիստ անելու մասին խոսվեց, ես միջամտեցի, ասելով, եթե նիստը փակ է, ապա բջջային հեռախոսները ի՞նչ գործ ունեն նիստերի դահլիճում։ Առաջարկս դժկամությամբ, սակայն ընդունեցին և բոլորի հեռախոսները հավաքեցին։ Տեղի ունեցավ փակ նիստը։ Հետո, երբ ավարտվեց նիստը, սկսեցինք բոլորս բոլորիս հարց տալ՝ ինչո՞ւ այս նիստը փակ արվեց, քանի որ այն թեմաները, որոնց մասին խոսեցինք, օրը 24 ժամ հրապարակային խոսույթում է։ Դրան հաջորդեց նաև հայտարարությունների ժամ։ Պարոն Ռուստամյանը խոսեց սահմանազատման, սահմանագծման մասին, ես ևս հայտարարություն արեցի, ասացի՝ ժողովուրդ ջան, որևէ գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում։ Մամուլում եղած հրապարակումները հավանաբար այս իշխանությունների համար հույժ գաղտնի տեղեկություններ են համարվում։ Եթե Հայաստանում գաղտնիքի բացահայտման նախադեպ կա, ապա ամենամեծ գաղտնիք բացահայտողը Նիկոլ Փաշինյանն է եղել, դրա ամենաակնառու փաստն այն էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 6-ին Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ինչեր է պլանավորել հայկական կողմը, որ պլանավորել է, օրինակ, թշնամուն հակահարված տալու օպերացիա։ Նույն օրը նա նաև հարցազրույց է նա տվել ու ադրբեջանական զորամիավորման շրջափակման օպերացիայի մանրամասները հրապարակել։ Հիմա ի՞նչ է ստացվում, ո՞վ է Հայաստանի թիվ մեկ գաղտնիք հրապարակողը։ Քիչ առաջ Թևանյանի փաստաբանն ասել է, որ խափանման միջոցի հետ կապված քննիչները անգամ չեն էլ պնդում, որ գաղտնի տեղեկություն է հրապարակվել, քանի որ չկա գաղտնիք»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *