ԱՄՆ ուժերը Վենեսուելայի մայրաքաղաքում անցկացրել են արագ արձագանքման զորավարժություններ․ վենեսուելացիները դուրս են եկել բողոքի ակցիայի

ԱՄՆ զինված ուժերը շաբաթ օրը Վենեսուելայի մայրաքաղաքում անցկացրել են արագ արձագանքման զորավարժություններ ծովային հետևակի և ռազմական ավիացիայի մասնակցությամբ՝ այն ժամանակվա նախագահ Նիկոլաս Մադուրոյի տապալումից ավելի քան չորս ամիս անց, հաղորդել է Associated Press-ը։

Ծովային հետևակի կորպուսի Osprey երկու ինքնաթիռները, որոնք իրենց բնութագրերով հիշեցնում են թե՛ ուղղաթիռ, թե՛ անշարժ թևով ինքնաթիռ, թռել են Կարակասում վերջերս վերաբացված ԱՄՆ դեսպանատան վրայով։

Դրանք վայրէջք են կատարել ավտոկայանատեղիում, և օդի ներքև ուղղված հոսքը պոկել է ծառերի ճյուղերը։ Այնուհետև ինքնաթիռից իջել են զինվորականները։

Վենեսուելայի կառավարությունն այս շաբաթվա սկզբին արդեն հայտարարել էր զորավարժությունների անցկացման մասին։ Արտաքին գործերի նախարար Իվան Խիլը հայտնել է, որ Միացյալ Նահանգները կանցկացնի զորավարժությունները՝ «շտապ բժշկական օգնության կամ աղետալի իրավիճակների» նախապատրաստվելու համար։

Զորավարժությունները սկսվել են Կարակասում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացումից գրեթե երկու ամիս անց։ Վերաբացումը հաջորդել է հարավամերիկյան երկրի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը՝ հունվարի սկզբին Մադուրոյի տապալումից հետո։ Կարակասի մի քանի բնակիչներ հավաքվել էին դեսպանատան մոտ՝ ինքնաթիռին հետևելու համար, մինչդեռ մի քանի տասնյակ այլ մարդիկ հավաքվել էին քաղաքի այլ հատվածներում՝ իրենց բողոքը հայտնելու շաբաթ օրվա զորավարժությունների դեմ։

Բողոքողները պահել են Վենեսուելայի դրոշը՝ «Ո՛չ ամերիկացիների զորավարժություններին» գրությամբ։ ԱՄՆ ռազմական ինքնաթիռները վերջին անգամ Կարակասի վրայով թռել էին հունվարի 3-ին, երբ էլիտար ուժերը ուղղաթիռներից իջել և ձերբակալել էին երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։ Երկուսն էլ տեղափոխվել էին Նյու Յորք, որտեղ նրանց թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանք էր առաջադրվել։ Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *