Փաշինյանի վախի գինը փողն է

Վախի մասին…
Վախը միշտ լուրջ գործոն է եղել քաղաքականության մեջ։
Ստալինը վախի միջոցով միլիոնավոր մարդկանց էր սպանում։ Իսկ սպանվածների հարազատները լռում էին, որպեսզի իրենց էլ չսպանեն։
Հիտլերը վախի միջոցով ստիպում էր, որ հազարավոր գերմանացիներ մասնակցեն միլիոնավոր հրեաների սպանությանը։
Հայերը վախից չէին պաշտպանվում, երբ հարևան գյուղերում հայերին էին մորթում Ցեղասպանության ժամանակ։ Մտածում էին, թե իրենց գյուղ չեն գա։ Բայց գալիս էին։ Սպանելուց առաջ չէին հարցնում, թե սպանվողն ինչպես է վերաբերվում թուրքերին։ Նա հայ էր, ուրեմն պետք է սպանվեր՝ առանց հարցի։
Հիմա մեզ ասում են, թե այս վախկոտ իշխանությունը վախի միջոցով ուզում է վերարտադրվել։
Բայց կա տարբերություն։ Ստալինի, Հիտլերի, երիտթուրքերի վախի գինը մահն էր, հաճախ՝ դաժան մահը։
Փաշինյանի վախի գինը փողն է՝ աշխատավարձերը, բիզնեսից եկամուտները, կաշառքները, հիփոթեքները, պարգևավճարները, ապագայում բարձր թոշակների հույսը։ Վատագույն դեպքում՝ փաշինյանական վախի գինը ձերբակալությունն է։
Այո՛, շատերի համար սա նույնպես բարձր գին է։ Բայց եկեք պատկերացնենք, թե վախին տրվելով՝ ինչ է կորցնում հայաստանցին։ Փաշինյանը վերընտրվում է, և Հայաստանը շատ արագ վերածվում է «Արևմտյան Ադրբեջանի»։ Իսկ փողը կորցնելու վախին փոխարինելու է թուրքերից գենետիկ վախը, որի գինը փողը չէ։
Այո՛, գուցե մեզանից մի քանիսին սպանեն։ Գուցե՝ ոչ։ Հնարավոր է՝ շատերը հասցնեն լքել Հայաստանը։
Բայց ո՞ւր եք գնալու։
Ֆրանսիա՞։ Հիմա պարզեք, թե քանի բռնի տեղահանված արցախցու է ընդունել Մակրոնը։
Եվրոպական մյուս երկրնե՞ր։ Երբ թուրքից փախչելու ժամանակը գա, վիզա ստանալ չեք հասցնի։ Իսկ եթե նույնիսկ ստանաք, դա կլինի մեկ ամսով։ Հետո ձեզ կարտաքսեն դեպի ձեր «ապահով ու խաղաղ» երկիր, որովհետև Նիկոլը բարձր ամբիոնից կհայտարարի, որ Հայաստանում հայերն անվտանգ են, ինչպես հայտարարում էր արցախցիների մասին տեղահանության օրերին։
Ամերիկա՞։ Թրամփին հարցրեք։
Ռուսաստա՞ն։ Եթե Փաշինյանը վերընտրվի, հայերը Ռուսաստանում կդառնան չմո ազգի ներկայացուցիչներ՝ «տաջիկներից» էլ ցածր հանրային վարկանիշով։ Մի մասին էլ կարտաքսեն։ Նորերին հաստատ չեն ընդունի։
Փաշինյանի վերընտրվելու դեպքում հայերի մեջ այնպիսի վախ կարմատավորվի, որ այսօրվա վախին կնախանձեք։
Հիմա որոշեք՝ արժե՞ վախենալ այս վախկոտ իշխանությունից։
Դուք Սովետական կայսրությունից չէիք վախեցել։ Դուք հաղթել եք առաջին ղարաբաղյան պատերազմում։ Հիմա սուրենպապիկյաններից ե՞ք վախենալու։
Երկու շաբաթ էլ առանց աշխատավարձի մնացեք։ Հավատացեք՝ դա շատ էժան գին է երկիրը, ձեր և ձեր երեխաների ապագան փրկելու համար։
Վախկոտներից վախենալը ամոթ է։
Հա՛, գուցե մտածում եք, որ Թուրքիա կգնաք ու առևտրով կզբաղվեք։ Մի մտածեք։ Թուրքերին հայերը պետք չեն։ Նրանց պետք է մեր տարածքը՝ դատարկ, առանց հայերի ու հայկական եկեղեցիների։

Ազա Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *