Հնագետներն առաջին անգամ հին պերուական մերկ շների հազվագյուտ ցեղատեսակի մնացորդներ են հայտնաբերել

Journal of Anthropological Archaeology ամսագրում հրապարակված հետազոտությունը ներկայացրել է Պերուի Կաստիլյո-դե-Ուարմե հնագիտական համալիրի տարածքում Ուարի քաղաքակրթության համատեքստում պերուական մերկ շների գոյության առաջին ուղղակի ֆիզիկական ապացույցները։ Կաստիլյո-դե-Ուարմե համալիրը գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին՝ անապատային գոտում, և մոտ 1200 տարի առաջ եղել է Ուարի պետության իշխանության կենտրոններից մեկը։

Հուշարձանի տարածքը մոտ 111 ակր է, այն գտնվում է ժայռոտ բլրի վրա։ Նեկրոպոլիսը երկար ժամանակ գրեթե չէր ուսումնասիրվել և համակարգված հետազոտվել է միայն 2010 թվականից։ 2012 և 2022 թվականների պեղումների ընթացքում հնագետները հայտնաբերել են արքայական դամբարան՝ էլիտար կարգավիճակ ունեցող 58 կանանց աճյուններով, ավելի քան 1300 արտեֆակտներով, վեց մարդկային զոհաբերություններով, ինչպես նաև արհեստավորների թաղումներով և ոսկուց, արծաթից ու բրոնզից պատրաստված առարկաներով։ Գտածոների թվում կային նաև առնվազն 20 քոթոթների և շների մնացորդներ, որոնք մասամբ պահպանվել էին մումիֆիկացված վիճակում։

Նոր հետազոտությունը միավորել է զոոարխեոլոգիական վերլուծությունն ու իզոտոպային մեթոդները՝ պերուական մերկ շան (Peruvian Inca Orchid) ծագումն ու դերը ուսումնասիրելու համար։ Այս ցեղատեսակը լայնորեն հայտնի է հին անդյան արվեստի պատկերներից, սակայն մինչև այժմ հնագիտական շերտերում դրա հաստատված ֆիզիկական մնացորդներ չէին հայտնաբերվել։ Ընդհանուր առմամբ հետազոտողները նույնականացրել են 341 ոսկրային բեկոր, որոնք պատկանել են մերկ շների 19 առանձնյակների։

Դրանց թվում էր 6–8 շաբաթական մի քոթոթ, որը թաղված էր բարձր կարգավիճակ ունեցող արհեստավորի հետ։ Մեծահասակ կենդանիների մնացորդներ նույնպես հայտնաբերվել են պալատական կառույցներում և տղամարդ պահակախմբի անդամի գերեզմանում, որի կողքին, հավանաբար, զոհաբերվել էր մի քոթոթ։ Ինչպես նշում են հետազոտողները, չնայած մերկ շների պատկերների լայն տարածվածությանը Անդերի նախակոլումբոսյան խեցեղենում և դրանց՝ որպես Պերուի ազգային խորհրդանիշի կարգավիճակին, սա այս ցեղատեսակի առաջին հաստատված ֆիզիկական մնացորդներն են, որոնք հայտնաբերել են հնագետները։ Գտածոների մեկնաբանության վաղ փուլերում գիտնականները ենթադրել են, որ շները Ուարի հասարակության մեջ կարող էին ունենալ թե կենցաղային, թե ծիսական դեր։

Արտեֆակտներից մեկում՝ մարդակերպ անոթի վրա, պատկերված է մերկ շուն, որը պահում է երաժշտական գործիք, ինչը մատնանշում է դրա խորհրդանշական նշանակությունը։ Պեղումների ընթացքում անձեռնմխելի շերտերում հայտնաբերվել են մարդկանց և շների խառը թաղումներ։ Հատկապես առանձնանում են ոսկրային մնացորդների երեք հավաքածու, որոնք հայտնաբերվել են ծիսական գոտու հյուսիսային հատվածում։ Ամենացուցադրական գտածոներից մեկը բնականորեն մումիֆիկացված շան գանգն էր՝ մորթու բացակայության նշաններով, պատված կինաբարով՝ պիգմենտով, որը ավանդաբար օգտագործվել է բարձր կարգավիճակ ունեցող մարդկանց թաղումներում։

Սա վկայում է հասարակության մեջ կենդանու առանձնահատուկ դիրքի մասին։ Հայտնաբերվել են նաև այլ մնացորդներ, որոնք ցուցադրում են նմանատիպ հատկանիշներ։ Գիտնականները պարզել են, որ այս շների մոտ մորթու բացակայության համար պատասխանատու գենը կապված է նաև ատամների ձևավորման առանձնահատկությունների հետ, ներառյալ պրեմոլյարների նվազեցված քանակը։

Իզոտոպային վերլուծությունը ցույց է տվել, որ շների սննդակարգը մոտ է եղել մարդկայինին և հիմնականում ներառել է եգիպտացորեն, իսկ վաղ տարիքում քոթոթների սնունդը համընկել է երեխաների սննդակարգի հետ։

Հետազոտողները շեշտում են, որ մարդկանց և շների միջև հարաբերությունների ճշգրիտ բնույթը որոշել անհնար է, սակայն տվյալների ամբողջությունը վկայում է Ուարի հասարակության մեջ մերկ շների նշանակալի մշակութային և, հավանաբար, ծիսական դերի մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *