
Մայիսի 28-ին նախատեսվող զորահանդեսը Հայաստանում դարձել է ոչ միայն պետական միջոցառում, այլ քաղաքական ու հոգեբանական քննարկման թեմա։ Իշխանությունը փորձում է ցույց տալ ուժ, վերականգնվող բանակ և պետական վստահություն։ Տեխնիկա, շարքեր, ռազմական պատկերներ։ Ուղերձը պարզ է՝ Հայաստանը թույլ չէ, պետությունը կանգնած է, բանակը վերակազմավորվում է։
Բայց հանրության առաջին արձագանքը բոլորովին այլ է․ եթե սա հաղթանակի զորահանդես է, ուրեմն որտե՞ղ է հաղթանակը։
Ինչու՞ մինչև հիմա նման մասշտաբային ցուցադրություններ չէին արվում։ Ինչու՞ հենց նախընտրական մթնոլորտի ձևավորման ֆոնին է այս ամենը կատարվում։ Շղթայական պարտությունների, կորուստների, կապիտուլյացիայի, հանձնումների և մշտական զիջումների ֆոնին ինչու՞ հանկարծ որոշվեց հաղթական տրամադրությամբ զորահանդես կազմակերպել։ Սա ուժի ցուցադրությո՞ւն, թե նախընտրական համաձայնեցված բեմադրություն է։
Երկրորդ և թերևս ամենազգայուն հարցը վերաբերում է Ադրբեջանի արձագանքին։
Նախկինում Հայաստանի ցանկացած ռազմական հռետորաբանություն, զորավարժություն կամ նոր զինտեխնիկայի հայտարարություն Բաքվում կոշտ արձագանք էր առաջացնում։ Ադրբեջանական մեդիան աղմկում էր, պաշտոնյաները սպառնալիքներ էին հնչեցնում, Ալիևը հայտարարություններ էր անում։
Այս անգամ գրեթե լռություն է։
Եվ հենց այդ լռությունն է մարդկանց մոտ հարցեր առաջացնում։ «Եթե Բաքուն չի բողոքում, ուրեմն համաձայնեցվա՞ծ խաղ է»․ սա այսօր հասարակության մեջ ամենահաճախ հնչող ու ամենատրամաբանական կասկածներից մեկն է։
Եթե այսքան տեխնիկա կա, եթե բանակը վերազինվում է, եթե պետությունը ուժեղ է, ապա ինչո՞ւ վերջին տարիներին հասարակությունը տեսել է միայն կորուստներ, զիջումներ ու մշտական անորոշություն։ Ինչո՞ւ մարդիկ սահմանների մասին լսելիս վստահություն չեն զգում։ Ինչո՞ւ ռազմական շքերթի պատկերները չեն վերածվում անվտանգության զգացողության։
Սա է այսօրվա Հայաստանի գլխավոր հոգեբանական ճգնաժամերից մեկը․ իշխանությունը փորձում է ուժ ցուցադրել, բայց հասարակությունը այդ ուժը չափում է ոչ թե ցուցադրվող տեխնիկայով, այլ կորցրածով, հանձնվածով և չպատասխանված հարցերով։
Իսկ այդ հարցերը շատ են։
Եթե սա հաղթանակի տրամադրություն է, այդ հաղթանակը որտե՞ղ է։
Եթե սա նոր բանակի ցուցադրություն է, ապա այդ բանակի քաղաքական արդյունքը ո՞րն է։
Եթե սա պետական վստահության ազդակ է, ինչո՞ւ մարդիկ ավելի շատ կասկածում են, քան վստահում։
Գուցե հենց դրա համար էլ այս զորահանդեսի շուրջ ամենաշատ քննարկվող թեման ոչ թե ցուցադրվող տեխնիկան է, այլ Ալիևի լռությունը։
Որովհետև քաղաքականության մեջ երբեմն հակառակորդի լռությունն ավելի բարձր է հնչում, քան ցանկացած զորահանդեսի երաժշտություն։ Զորահանդեսի գլխավոր հարցը ոչ թե տեխնիկան է, այլ Ալիևի լռությունն է։