Իրանը դեռևս չի կարող ասել, թե մոտ է ԱՄՆ-ի հետ համաձայնության ստորագրմանը, սակայն թեմաների զգալի մասի շուրջ լուծումներ կան։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Այն, որ հարցերի զգալի մասի շուրջ մենք արդյունքի ենք հասել, ճիշտ է, սակայն դա չի նշանակում, թե որևէ մեկը կարող է պնդել, որ համաձայնության ստորագրումը մոտ է»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա։
Բաղային նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ մշակվող հուշագրում կա կետ՝ «բոլոր ճակատներում», այդ թվում՝ Լիբանանում, մարտական գործողությունների դադարեցման մասին։ Դիվանագետը վերահաստատել է նախկին դիրքորոշումը, որ Թեհրանն այս պահին Վաշինգտոնի հետ չի քննարկում Իրանի միջուկային ծրագրի հարցերը։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ իրանական կողմն այս պահին չի պլանավորում պատվիրակություն ուղարկել Պակիստան, ինչպես նաև չկան պակիստանյան նոր պատվիրակություն ընդունելու ծրագրեր։