Ֆրանսիական միջազգային Radio France Internationale-ը (RFI) գործարկել է իր հայալեզու լրատվաական խմբագրությունը՝ դառնալով մեդիայի 18-րդ օտարալեզու ծառայությունը։ Նոր հարթակը կգործի բացառապես արևելահայերենով և կենտրոնացած կլինի միայն թվային բովանդակության վրա։ RFI-ի տվյալներով՝ 8 լրագրողից կազմված թիմը նպատակ ունի հասնել հատկապես երիտասարդ լսարանին՝ աշխատելով սոցիալական մեդիա հարթակներում, այդ թվում՝ Instagram, Facebook և TikTok-ում։
Հայալեզու ծառայության գլխավոր խմբագիր Աստրիգ Ագոպյանի խոսքով՝ երիտասարդ լսարանն այսօր հիմնականում սպառում է տեղեկատվությունը սոցիալական ցանցերի միջոցով, ուստի մեդիան պետք է հարմարվի այդ իրականությանը։
Նոր խմբագրության առաջնահերթություններից են օպերատիվ լրատվությունը, նորարարական ձևաչափերով պատմությունները և փաստերի ստուգումը։ RFI-ում նշում են, որ ապատեղեկատվության տարածման պայմաններում նոր ծառայությունը նպատակ ունի ոչ միայն տրամադրել ստուգված տեղեկատվություն, այլև օգնել լսարանին տարբերակել կեղծ լուրերը։
Հաղորդվում է նաև, որ լրագրող Լիլիթ Շահվերդյանը մայիսի վերջից կաշխատի Հայաստանում՝ տեղում լուսաբանելով երկրի քաղաքական զարգացումները, այդ թվում՝ առաջիկա ընտրական գործընթացները։