Կալիֆոռնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել․ հրշեջները փորձում են զսպել թունավոր նյութերի արտահոսքը


Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմն արտակարգ դրություն է հայտարարել, մինչ մասնագետները քայլեր են ձեռնարկում՝ զսպելու թունավոր քիմիական նյութի արտահոսքն Օրինջ շրջանի արտադրական օբյեկտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Պաշտոնյաները զգուշացրել են, որ մոտ 7000 գալոն (26 500 լիտր) մեթիլ մետակրիլատ պարունակող բաքը, որը պլաստիկ պատրաստելու համար օգտագործվող խիստ ցնդող և դյուրավառ նյութ է, պայթելու վտանգի տակ է։ Գարդեն Գրովի հազարավոր բնակիչներ տարհանման հրաման են ստացել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ 

Մայիսի 24-ին հայտարարվել էր, որ «բաքում հայտնաբերել են հնարավոր ճաք, որը կարող է որոշ չափով մեղմացնել այնտեղ առկա ճնշումը»։ Օրինջ շրջանի հրշեջ ծառայության ժամանակավոր ղեկավար Թի Ջեյ ՄաքԳովերնն ասել է, որ փորձագետները վերլուծում են տվյալները, և ինքն ակնկալում է, որ «այսօր ավելի շատ տեղեկություններ կհայտնվեն»։

Միջադեպը սկսվել է մայիսի 21-ին Գարդեն Գրովում գտնվող ընկերության օբյեկտում, երբ քիմիական նյութը սկսել է գերտաքանալ։ Ընկերությունը զբաղվում է, այդ թվում, ինքնաթիռների դիմապակիների և մասնագիտացված ավիատիեզերական պլաստիկ նյութերի արտադրությամբ։

Հրշեջ ծառայության պաշտոնյաները հայտնել են, որ ռեակցիան չեզոքացնելու ջանքերը ձախողվել են բաքի փականների վնասման պատճառով։

Վնասված բաքի ջերմաստիճանը մայիսի 23-ին բարձրացել է մինչև 32°C (90°F), և մասնագետները գրանցել են, որ այն ժամում մոտ մեկ աստիճանով տաքանում է:

Ավիատիեզերական կենտրոնը գտնվում է Դիսնեյլենդից մոտ 8 կմ հեռավորության վրա, Լոս Անջելեսից մոտ 55 կմ հարավ-արևելք։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *