Էներգաբանկի պատճառով Մեծ Բրիտանիա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Հռոմում


Աշխարհ


Մեծ Բրիտանիա ուղևորվող EasyJet ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Հռոմում, երբ թռիչքի ընթացքում պարզվել է, որ ուղևորներից մեկի շարժական լիցքավորիչը (էներգաբանկը) գտնվում է բեռնախցիկում՝ անվտանգության կանոնների խախտմամբ, գրում է BBC-ին։

EZY2618 չվերթը, որը Եգիպտոսի Հուրգադա քաղաքից ուղևորվում էր Լոնդոնի Լուտոն օդանավակայան, երեքշաբթի երեկոյան որպես նախազգուշական միջոց վայրէջք է կատարել Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում։

Ըստ ավիաընկերության՝ որոշումը կայացրել է օդաչուն։ FlightRadar24-ի տվյալներով՝ ինքնաթիռը շուրջ երեք ժամ թռիչքից հետո՝ Ադրիատիկ ծովի վրայով, 36 հազար ոտնաչափ բարձրությունից կտրուկ փոխել է երթուղին և մոտ 20 րոպե անց վայրէջք կատարել Հռոմում։

EasyJet-ը նշել է, որ էներգաբանկի հետ տեխնիկական միջադեպ չի եղել, սակայն լիթիում-իոնային մարտկոցների հրդեհավտանգության պատճառով նման սարքերը թույլատրվում են միայն ձեռքի ուղեբեռում։ Ուղևորներին տրամադրվել է կացարան և սնունդ, իսկ չվերթը շարունակվել է հաջորդ օրը։

Վերջին տարիներին բազմաթիվ ավիաընկերություններ խստացրել են էներգաբանկերի տեղափոխման կանոնները՝ լիթիումային մարտկոցների բռնկման վտանգի պատճառով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *