«Չզոհված» ՔՊ-ականի կարիերան․ մարտի դաշտից՝ մարզպետի աթոռին

Նիկոլ Փաշինյանի վերջին աղմկահարույց՝ «Ինչու չես զոհվել» ձևակերպումը, ըստ որի՝ «իրական հերոսները զոհվածներն են», անսպասելի հարվածի տակ է դնում հենց իշխանական համակարգի բազմաթիվ ներկայացուցիչների։

Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ պատերազմին մասնակցած, սակայն ողջ վերադարձած մարդիկ կամ բավարար չափով հերոս չեն եղել, կամ նույնիսկ՝ կասկածելի կենսագրություն ունեն։

Այս հակասական իրավիճակի ամենավառ օրինակներից մեկը Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն է։ Նրա պաշտոնական կենսագրության մեջ հատուկ ընդգծվում է, որ մասնակցել է թե՛ 2016 թվականի ապրիլյան պատերազմին, թե՛ 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ Սակայն նույն իշխանությունը, որի քաղաքական թիմի ներկայացուցիչն է Խաչատրյանը, այսօր փաստացի ստեղծում է մի բարոյաքաղաքական մթնոլորտ, որտեղ պատերազմից ողջ վերադարձած մարդը պետք է արդարանա, թե ինչու չի զոհվել։

Վահրամ Խաչատրյանի կենսագրությունն ուսումնասիրելիս ի հայտ են գալիս այնպիսի ժամանակագրական «հրաշքներ», որոնք բնորոշ են բացառապես «թավշյա հեղափոխության» բերած կադրերին։

Այսպես՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո Խաչատրյանի կարիերան կտրուկ վերելք է ապրել՝ համայնքի ղեկավարից դառնալով մարզպետի տեղակալ, ապա Մեծամորի ղեկավար և ի վերջո՝ Արմավիրի մարզպետ։ Սա տիպիկ օրինակ է այն բանի, ինչը ընդդիմությունը կոչում է «քաղաքական տգիտության հաղթանակ», երբ հավատարմությունը կուսակցությանը գերակայում է պրոֆեսիոնալիզմի։

Պաշտոնական տվյալներով՝ ՔՊ-ական մարզպետը դպրոցն ավարտել է 2000 թվականին, սակայն միայն 2024 թվականին է ավարտել Երևանի մենեջմենթի համալսարանը։ Այսինքն՝ բուհն ավարտելու համար պահանջվել է շուրջ 24 տարի։ Ընդ որում՝ այդ ամբողջ ընթացքում նա աշխատել է Արմավիրի մարզի տարբեր համայնքներում ու պետական կառույցներում։

Այստեղ առաջանում է բնական հարց՝ ինչպե՞ս էր համատեղվում Երևանում ուսումնառությունը և Արմավիրում լիարժեք աշխատանքային գործունեությունը։ Հատկապես հաշվի առնելով, որ խոսքը ոչ թե հեռավար կրթության, այլ երկարատև «ձգձգված» ուսման մասին է։

Սակայն առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Հեղափոխությունից հետո կտրուկ ակտիվանում է մարզպետի ընտանիքի հետ կապվող «Հաշ ընդ վի ֆուդ» ՍՊԸ-ի գործունեությունը։ Բաց աղբյուրներում երևում է, որ ընկերությունը սկսել է միջազգային բեռնափոխադրումների ու ներմուծումների գործընթացներ իրականացնել տարբեր եվրոպական գործընկերների հետ։ Սա այն փուլում, երբ հենց Վահրամ Խաչատրյանի քաղաքական կարիերան իշխանության ներսում վերելք է ապրում։


Հանրության համար բնականաբար առաջանում են նոր հարցեր․ հեղափոխությունից հետո ընտանեկան բիզնեսի ակտիվացումը պատահակա՞ն էր, պետական լծակներն ու քաղաքական կապերը որևէ դեր ունեցե՞լ են։

Ի վերջո ստացվում է բավականին հակասական պատկեր. մի կողմից՝ իշխանությունը պատերազմի թեման վերածում է քաղաքական մանիպուլյացիայի, մյուս կողմից՝ հենց այդ իշխանության ներկայացուցիչները պատերազմից հետո ոչ միայն շարունակում են պաշտոնավարել, այլ նաև ամրապնդում են իրենց տնտեսական դիրքերը։

Հիշեցնենք՝ «Դու խի ես կենդանի, ինչի՞ չես զոհվել» արտահայտությունը Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է 2026 թվականի մայիսի 18-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի հետ ունեցած սուր վեճի ընթացքում։


Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *