Իսրայելը կուժեղացնի հարվածները Լիբանանում գործող Հեզբոլահի դեմ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ BBC-ին, վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ները, հայտնում է, որ Նեթանյահուն բանակին հրահանգել է «էլ ավելի սեղմել գազի ոտնակը» եւ ընդլայնել ռազմական արշավը արմատական շիա խմբավորման դեմ։
Թել Ավիվը պնդում է, որ Լիբանանի կառավարության հետ ապրիլի 16-ին հաստատված հրադադարից հետո Հեզբոլահի արձակած ԱԹՍ-ների հարվածների հետեւանքով զոհվել է 24 մարդ։ Մասնավորապես, կիրակի օրը զոհվել էր մեկ զինվոր։ Միեւնույն ժամանակ, լիբանանյան կողմը հայտնում է Լիբանանում ավելի քան 400 զոհի մասին։
Ընդլայնված արշավի շրջանակում` Իսրայելի պաշտպանության բանակի թիրախում են հայտնվելու Լիբանանի Արեւելքում` Բեքաայի հովտում գտնվող Հեզբոլահի օբյեկտները։
Նեթանյահուի հայտարարությունը հնչել է այն պահին, երբ Իրանի բարձրաստիճան ներկայացուցիչները ժամանել են Դոհա՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։ Միեւնույն ժամանակ, եւ Վաշինգտոնը, եւ Թեհրանը նախկինում նշել էին, որ բանակցություններում արագ բեկում ակնկալել պետք չէ։
Նեթանյահուն ավելի ու ավելի մեծ ճնշման է ենթարկվում իր կառավարության ծայրահեղ աջ թեւի կողմից, որը պահանջում է լիբանանյան ուղղությամբ ինքնուրույն գործել` առանց Վաշինգտոնի կողմը նայելու։
«Մեր զինվորներին սպանող հարվածային ԱԹՍ-ները ճակատագրի դատավճիռ չեն։ Յուրաքանչյուր նման դրոնի դիմաց Բեյրութում պետք է տասը շենք փլվի»,- հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը։
Մեկ այլ ծայրահեղ աջ քաղաքական գործիչ՝ Իսրայելի ներքին անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրը, հայտարարել է, որ Իսրայելը չպետք է «սովորի ապրել» ԱԹՍ հարձակումների պայմաններում։
«Վարչապետը պետք է բռունցքով խփի Դոնալդ Թրամփի սեղանին եւ ասի, որ մենք վերադառնում ենք պատերազմի Լիբանան»,- ասել է Բեն-Գվիրը։
Կիրակի օրը` ամերիկա-իրանական բանակցություններում հնարավոր առաջընթացի մասին հաղորդումների ֆոնին, Նեթանյահուն հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնել են, որ Իսրայելը պահպանում է «բոլոր ճակատներում», այդ թվում՝ Լիբանանում, ցանկացած սպառնալիքի դեմ գործելու իրավունքը։
Երկուշաբթի երեկոյան Իսրայելի վարչապետը վերահաստատել է այդ դիրքորոշումը Telegram-ում հրապարակված տեսաուղերձում։
«Մենք գտնվում ենք Հեզբոլահի դեմ պատերազմի մեջ եւ կուժեղացնենք մեր հարվածները։ Բանակը ոտքը չի հանում գազի ոտնակից։ Ընդհակառակը՝ ես հրամայել եմ ավելի ուժեղ սեղմել»,- ասել է նա։
Նեթանյահուի տեսաուղերձից հետո Բեյրութի հարավային արվարձանների բնակիչները սկսել են լքել իրենց տները՝ վախենալով իսրայելական լայնածավալ ռմբակոծությունների վերսկսումից, հայտնել են լիբանանյան անվտանգության աղբյուրները։