
«Հրապարակի» զրուցակիցն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:
– «Արեւմտյան Ադրբեջանի» հարցն օրակարգից հանված չէ, չնայած Փաշինյանը հակառակն է պնդում։ Բաքվում շարունակում են պատրաստվել հայկական տարածքների «ժողովրդագրական յուրացմանը» եւ 300 հազար փախստականների վերաբնակեցմանը։
– «Արեւմտյան Ադրբեջանի» օրակարգը երբեք էլ դուրս չի եկել Ադրբեջանի ռազմաքաղաքական ծրագրերից։ Անկախ նրանից՝ Փաշինյանն ինչ հայտարարություններ է անում՝ ներքին լսարանին հանգստացնելու համար, Բաքվում շարունակաբար եւ հետեւողականորեն աշխատում են հայկական տարածքների նկատմամբ քաղաքական, տեղեկատվական եւ ժողովրդագրական հավակնությունները խորացնելու ուղղությամբ։ Այսօր արդեն բաց տեքստով խոսվում է 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին, ստեղծվում են կեղծ համայնքներ, մշակվում են քարտեզներ, միջազգային հարթակներում շրջանառվում են վտանգավոր թեզեր։ Սա պարզապես քարոզչություն չէ, սա երկարաժամկետ պետական ծրագիր է, որի նպատակը Հայաստանի նկատմամբ նոր պահանջների ձեւավորումն է։ Եվ ցավալի իրականությունն այն է, որ հենց այս իշխանությունների օրոք Ադրբեջանն առավել լկտի եւ ագրեսիվ է դարձել։ Երբ երկրի ղեկին կանգնած է պարտությունների, զիջումների եւ անընդհատ նահանջների քաղաքականություն վարող արկածախնդիրների խմբակը, բնական է, որ Բաքուն փորձելու է «խաղաղության օրակարգի» անվան տակ հնարավորինս շատ զիջումներ կորզել Փաշինյանից։ Ես բազմիցս ասել եմ՝ խաղաղությունը չի կարող կառուցվել միակողմանի զիջումների, ազգային արժանապատվության հաշվին եւ պետական շահերի զոհաբերման միջոցով։ Եթե իշխանությունը շարունակի լռել Ադրբեջանի տարածքային եւ ժողովրդագրական նկրտումների վերաբերյալ, ապա վաղն այդ պահանջները դառնալու են Հայաստանի Հանրապետության դեմ նոր ճնշումների եւ նոր սպառնալիքների հիմք։ Հայաստանի անվտանգությունը պահանջում է ոչ թե հերթական կապիտուլյացիոն համաձայնություններ, այլ ազգային շահերի հստակ պաշտպանություն, պետական արժանապատվություն եւ ուժեղ բանակցային դիրք։
– Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հայտարարում է, որ հայերը երբեք Հայաստանում մեծամասնություն չեն կազմել: Նախկինում Հայաստանում երբեք 90% հայություն չի եղել: Ինչի՞ մասին է խոսում, ի՞նչ է թաքնված նրա այս խոսույթի տակ:
– Վաղուց արդեն Նիկոլ Փաշինյանի ցնորական եւ իրականությունից կտրված հայտարարությունները ոչ միայն զարմանք չեն առաջացնում, այլեւ դարձել են նրա քաղաքական վարքագծի հերթական դրսեւորումը։ Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, թե հայերը պատմության ընթացքում երբեք Հայաստանում բացարձակ մեծամասնություն չեն կազմել, սա պարզապես պատմական անգրագիտություն չէ, այլ շատ ավելի վտանգավոր քաղաքական խոսույթ է, որի խորքում թաքնված է ազգային ինքնության, պատմական իրավունքի եւ պետական հիմքերի արժեզրկման փորձը։ Փաշինյանի ամբողջ գործունեությունը ցույց տվեց, որ ազգային շահն իր համար մշտապես երկրորդական նշանակություն է ունեցել։ Նա հետեւողականորեն հարվածի տակ է դրել մեր ազգային արժեհամակարգը, մեր պատմական հիշողությունը, մեր հաղթանակների գաղափարը եւ պետական դիմադրողականությունը։ Այս իշխանության օրոք փորձ է արվում հայ ժողովրդի պատմական պայքարը ներկայացնել որպես սխալ, ազգային արժանապատվությունը՝ որպես խոչընդոտ, իսկ հայրենիքի պաշտպանությունը՝ որպես ավելորդ բեռ։ Այդ պատճառով էլ պատահական չեն նման հայտարարությունները։ Երբ ասում են, թե հայերը երբեք մեծամասնություն չեն եղել Հայաստանում, դրանով հասարակությանը հոգեբանորեն նախապատրաստում են՝ հրաժարվելու ազգային պետության գաղափարից, հաշտվելու հայրենազրկման, արտագաղթի եւ ժողովրդագրական աղետի հետ։ Սա պարտվողականության եւ ազգային ինքնության ջլատման քաղաքականություն է։ Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է որպես հայ ժողովրդի ազգային պետություն, եւ որեւէ իշխանություն իրավունք չունի կասկածի տակ դնելու այս հիմնարար ճշմարտությունը։ Մեր պատմությունը, մեր պայքարը, մեր հազարամյակների ներկայությունն այս հողի վրա որեւէ մեկի քաղաքական շահարկման առարկա չեն կարող դառնալ։ Այսօր առավել, քան երբեւէ, անհրաժեշտ է պետականամետ, ազգային մտածողություն ունեցող իշխանություն, որը կվերականգնի ժողովրդի հավատը սեփական ուժերի, սեփական պատմության եւ սեփական պետության հանդեպ։
– Փաշինյանի հրապարակած տեսանյութից անցել է մեկ շաբաթ` ոչինչ չի արվել, իսկ նրա հրահանգով իրավապահներն ամենօրյա ռեժիմով խուզարկում են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, նրանց գրասենյակները, ձերբակալում եւ մեղադրանք են առաջադրում: Կարծում եք՝ Փաշինյանը հասկացե՞լ է, որ պարտվում է ընտրություններում, եւ տարբեր քայլերի է դիմում՝ աթոռը պահելու համար:
– Փաշինյանական իշխանության կարեւորագույն եւ անփոփոխ սկզբունքներից մեկը եղել եւ մնում է․ «յուրայիններին՝ ամեն ինչ, ընդդիմախոսներին՝ օրենքի ամբողջ խստությունը»։ Այս տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիները բազմիցս ականատես են եղել, թե ինչպես է երկրում հաստատվել ընտրովի արդարադատության վտանգավոր համակարգ, որտեղ իրավապահ մարմինները հաճախ գործում են ոչ թե օրենքի, այլ քաղաքական հրահանգների տրամաբանությամբ։ Փաշինյանի հրապարակած աղմկահարույց ձայնագրությունից անցել է արդեն մեկ շաբաթ, սակայն մինչ այս պահը հանրությունը չի տեսել ո՛չ օպերատիվ բացահայտումներ, ո՛չ պատասխանատվության ենթարկված անձինք, ո՛չ էլ այն արագությունը, որով նույն իշխանությունները սովորաբար գործում են ընդդիմադիրների նկատմամբ։ Բայց երբ խոսքը վերաբերում է ընդդիմադիր գործիչներին, իշխանության քննադատներին կամ քաղաքական անհամաձայնություն հայտնող քաղաքացիներին, նույն իրավապահ համակարգն ակնթարթորեն անցնում է գործողությունների՝ խուզարկություններ, ձերբակալություններ, կալանավորումներ, քաղաքական բնույթի մեղադրանքներ։ Սա արդեն վաղուց պատահականություն չէ։ Սա համակարգված քաղաքականություն է։ Եվ այս վերջին օրերի իրադարձությունները եւս մեկ անգամ ապացուցում են, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը պատրաստ են գնալ ցանկացած քայլի՝ սեփական վերարտադրությունն ապահովելու եւ իշխանությունը պահելու համար։ Այն, որ գործող իշխանություններն առաջիկա քաղաքական գործընթացներում փորձելու են կիրառել վարչական ճնշումներ, իրավապահ լծակներ, վախի մթնոլորտ եւ հնարավոր կեղծիքներ, այլեւս կասկած չի հարուցում։ Հայաստանի քաղաքացիները տեսել են, թե ինչպես են տարիներ շարունակ լռեցվել ընդդիմախոսները, քաղաքական պատվերներով հարուցվել քրեական գործեր, իսկ իշխանությանը սպասարկող շրջանակները՝ մնացել անպատիժ։ Սակայն պետք է հստակ արձանագրել՝ որեւէ բռնաճնշում չի կարող անվերջ պահել իշխանությունը։ Ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունը որքան ավելի է դիմում ուժային մեթոդների, այնքան ավելի է ապացուցում սեփական քաղաքական պարտությունը։ Իսկ այսօր ակնհայտ է, որ Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ հասարակության ներսում դժգոհությունը խորանում է, եւ քաղաքական աջակցությունն օրեցօր նվազում է։ Այդ պատճառով էլ իշխանությունն անցնում է ինքնապահպանման ռեժիմի, օգտագործելով պետական ամբողջ ապարատը՝ սեփական աթոռը պահելու համար։
– Երեւանում կայացած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանն ու Թուրքիան ստորագրել են պատմական Անիի կամրջի՝ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանին գտնվող պատմական Մետաքսի ճանապարհի այդ հատվածի համատեղ վերականգնման արձանագրություն։ Ի՞նչ կտա դա Հայաստանին եւ սահմանի բացումը: Մի՞թե հայերը կարող են ցեղասպանություն գործած ազգի հետ բարեկամություն անել:
– Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է բխել Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերից, եթե այդ գործընթացը կառուցված լինի փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության եւ պետական շահերի պաշտպանության վրա։ Հայաստանը չի կարող մշտապես մնալ փակ սահմանների եւ տարածաշրջանային մեկուսացման պայմաններում։ Սահմանների բացումը կարող է ստեղծել տնտեսական, տրանսպորտային եւ տարածաշրջանային նոր հնարավորություններ։ Այստեղ կա մի շատ կարեւոր «բայց». նորմալ հարաբերություններ կառուցելը չի նշանակում հրաժարվել մեր պատմական հիշողությունից, մոռանալ Հայոց ցեղասպանությունը կամ ոտնատակ տալ մեր ազգային շահերը։ Որեւէ իշխանություն իրավունք չունի հանուն «խաղաղության դարաշրջանի» ջնջել ժողովրդի պատմական հիշողությունը կամ լռեցնել ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Մենք կարող ենք հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, բայց միայն՝ արժանապատիվ եւ փոխադարձ հարգանքի հիման վրա։ Այո, սահմանները պետք է բացվեն, բայց նախեւառաջ պետությունը պարտավոր է հստակ հաշվարկել բոլոր ռիսկերը եւ պաշտպանել հայ տնտեսվարողի շահերը։ Եթե վաղը թուրքական էժան եւ պետական աջակցությամբ ապրանքները հեղեղեն հայկական շուկան, առանց որեւէ պաշտպանական մեխանիզմի, առաջինը տուժելու են հենց հայ արտադրողը, գյուղացին, փոքր եւ միջին բիզնեսը։ Այս իշխանությունները մինչ օրս որեւէ հստակ տնտեսական ռազմավարություն չեն ներկայացրել, թե սահմանի բացումից հետո ինչպես են պաշտպանելու մեր ներքին շուկան եւ ազգային տնտեսությունը։ Ինչ վերաբերում է Անիի կամրջի վերականգնման մասին արձանագրությանը, ապա, իմ կարծիքով, դա ավելի շատ ցուցադրական եւ խորհրդանշական ժեստ է, քան իրական բովանդակային առաջընթաց։ Թուրքական կողմն ու Հայաստանի այսօրվա իշխանությունները փորձում են միջազգային հանրությանը ցույց տալ, թե իբր հարաբերություններում դրական դինամիկա կա։ Բայց իրական առաջընթացը չափվում է ոչ թե գեղեցիկ լուսանկարներով ու խորհրդանշական ծրագրերով, այլ՝ կոնկրետ քաղաքականությամբ, հավասար պայմաններով եւ ազգային շահերի պաշտպանությամբ։ Հայաստանը պետք է գնա հարաբերությունների կարգավորման, բայց ոչ երբեք սեփական ինքնության, պատմության եւ պետական շահերի հաշվին։