
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացել է։
«Մերձավոր Արևելքը լուրջ ճգնաժամի մեջ է։ Անկայունության նոր օջախներ են ի հայտ եկել, այդ թվում՝ մեր սահմանների մոտ»,- նրա խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Նա կարևոր է համարել միջպետական կառույցների վերլուծական, կադրային, օպերատիվ և տեխնիկական հնարավորությունների օգտագործումը՝ Համագործակցության հուսալի պաշտպանության համար։ Նրա խոսքով՝ այդ նպատակով կարևոր է նաև տեղեկատվության հետևողական փոխանակումը և ի հայտ եկող մարտահրավերների դեմ համատեղ լուծումների մշակումը։
Բացի այդ, Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հնարավորությունները։ Նրա խոսքով՝ այդ աշխատակիցները կկարողանան ապահովել «հետխորհրդային տարածքի բոլոր երկրների հուսալի պաշտպանությունը» հնարավոր ներքին և արտաքին սպառնալիքներից։