Հնդկաստանն ու ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել կարևոր նշանակության օգտակար հանածոների վերաբերյալ

Հնդկաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները համագործակցության համաձայնագիր են ստորագրել կարևոր նշանակության օգտակար հանածոների ոլորտում։ Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Նյու Դելիում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի մասնակցությամբ։

«Այսօր մենք ստորագրում ենք Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ շրջանակային համաձայնագիր, որն ուղղված է կարևոր նշանակության օգտակար հանածոների և հազվագյուտ հողային տարրերի մատակարարումների հուսալիության ապահովմանը, ներառյալ դրանց արդյունահանումն ու վերամշակումը», – ասել է Ջայշանկարը։

«Այս շրջանակային համաձայնագիրն ստեղծվել է կրիտիկական նշանակության օգտակար հանածոների ոլորտում մեր համագործակցությունը և հազվագյուտ հողային տարրերի մատակարարման շղթայի բոլոր փուլերում՝ ներառյալ արդյունահանումը, վերամշակումը, ուտիլիզացիան և հարակից ներդրումները խթանելու նպատակով։ Այն թույլ կտա ամրապնդել կայուն ու դիվերսիֆիկացված մատակարարման շղթաները, կնպաստի ֆինանսավորման հարցերում մեր փոխգործակցությանը, ինչպես նաև ռեսուրսների արդյունավետ կառավարմանը»,- նշել է Ջայշանկարը։

Ռուբիոն, իր հերթին, ընդգծել է, որ «Հնդկաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական շահերը պահանջում են կրիտիկական նշանակության օգտակար հանածոների, ինչպես նաև նորարարական տնտեսության համար հանգուցային նշանակություն ունեցող մատակարարման շղթաների հուսալի ու երկարաժամկետ հասանելիության ապահովում»։

«Մեր երկրների նման դինամիկ զարգացող նորարարական տնտեսությունները չեն կարող իրենց թույլ տալ սեփական արդյունաբերության ոլորտների համար բազային նյութերը խոցելի թողնել մատակարարման միակ աղբյուրը վերահսկող մենաշնորհների առաջ։ Մենաշնորհներ, որոնք ունակ են զրկել մեզ այդ ռեսուրսների հասանելիությունից ոչ միայն հակամարտության դեպքում, այլև դրանք օգտագործել որպես ճնշման լծակ, ինչը հակասում է մեր ինքնիշխան ազգային շահերին»,- հավելել է պետքարտուղարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *