Եվրոպական միությունը նախատեսում է հարյուրավոր միլիոն եվրոյով տուգանել Google-ին (մտնում է Alphabet Inc.-ի կազմի մեջ)՝ հակամենաշնորհային հետաքննության արդյունքներով։ Այս մասին հայտնում է գերմանական Handelsblatt պարբերականը՝ հղում անելով Եվրահանձնաժողովի իր աղբյուրներին։
Համապատասխան որոշման նախապատրաստումը գտնվում է եզրափակիչ փուլում, և նախատեսվում է դրա մասին հայտարարել մինչև ամառային արձակուրդների մեկնարկը։ Պարբերականը նշում է, որ Google-ի այս տուգանքը կլինի ամենախոշորը նրանցից, որոնք մինչ օրս ԵՄ-ում սահմանվել են Թվային շուկաների մասին օրենքի (DMA) խախտման համար։
Հետաքննությունը, որը պաշտոնապես սկսվել էր 2025 թվականի մարտին, ուսումնասիրում էր Google-ի որոնման արդյունքների դասակարգման գործելաոճը. ընկերությունը մեղադրվում է այն բանում, որ որոնման արդյունքները ցուցադրելիս նախապատվությունը տալիս է սեփական ծառայություններին՝ այդպիսով խախտելով DMA օրենքը։
Google-ում պատրաստակամություն են հայտնել հարթել Եվրահանձնաժողովի հետ ունեցած տարաձայնությունները, թեև քննադատել են որոնողական ծառայության աշխատանքի վրա ԵՄ-ում գործող կանոնների ազդեցությունը։
«Այն փոփոխությունները, որոնք մենք արդեն մտցրել ենք որոնման համակարգում՝ հաշվի առնելով DMA-ի պահանջները, հանգեցրել են ապրանքի պատմության ընթացքում այս արտադրանքի որակի ամենազգալի վատթարացմանը»,- ասել է ընկերության ներկայացուցիչը՝ հավելելով, որ Google-ի դեմ բողոքներ ներկայացրած անձանց շահադիտական քայլերի պատճառով եվրոպացիները ստիպված են օգտվել «երկրորդ կարգի ծառայությունից»։