Սատանային չբզբզելու ժամանակը – Հրապարակ

Որոշել ես մի այնպիսի բան անել, որ ընտրությունները չեղարկվե՞ն… Ես ի՞նչ իմանամ, Զելենսկին եղբայրդ է, ու, ինչքան չլինի, այդ հարցում, հավանաբար, փորձի փոխանակություն կատարած կլինեք: Թե՞ սխալվում եմ, եւ քո սիրտը միայն ու միայն ընտրություն է ուզում: Բայց ոնց որ չէ… Քո պահվածքը բոլորովին այլ բան է հուշում, տղա ջան: Վախենում ես ընտրություններից ճիշտ այնպես, ինչպես Զելենսկին, որ անգամ պատերազմը չի դադարեցնում, որպեսզի ընտրություններ տեղի չունենան Ուկրաինայում:
Սոցհարցումներն օրեցօր վատացող վիճակիդ մասին են «ահազանգում», ընդդիմության վարկանիշը բարձրանում է, աչքովդ ես տեսնում, որ ժողովուրդը գիտակցության է գալիս 8 տարվա նոկդաունից հետո: Ճղճղոցներիդ նայող չկա, փաթաթած ունեն քեզ էլ, քո թիմին էլ, քո ճղճղոցներն էլ: Նախկինների թեման անգամ չես կարողանում նաղդել մերձավոր նախրիդ վրա: Եվ այսքանից հետո դու դեռ ցույց ես տալիս, որ նման ես ընտրությունների գնացող մարդո՞ւ: Չեմ հավատում: Հավատալու չէ: Հակառակի պես էլ հետեւիցդ Ալիեւի ականջներն են երեւում: Այսպես որ շարունակվի, Թաթոյանը ճիշտ է ասում, մի գեղեցիկ օր էլ Ալիեւին կբերես Հայաստան, որ քեզ համար քարոզարշավ անի. «20-26-ին՝ համար 16-ին, յախշի՞»… Բառաններիդ հոտն էլ կձայնակցի՝ յախշի՜, յախշի՜…
Զորահանդեսը… Ինչի՞ համար է այս շոուն, ո՞ւմ ես ինչ ցույց տալու: Դեռ Սյունիքում էիր ասում՝ զորահանդես ենք անելու, որ ցույց տանք, թե էն 8,5 միլիարդն ինչի վրա ենք ծախսել: Խորհուրդ կտայի՝ մի քիչ կամաց քշել… Հանկարծ պետական գաղտնիք-մաղտնիք չհայտնեք թշնամուն: Հիմա դրա համար բռնում են: Անունն էլ դրել են «Հանրապետության օրվա միջոցառումներ», իբր՝ Սարդարապատի հաղթանակ, բան-ման: Էսքա՞ն էլ սուտ: Տղա ջան, 2018 թվականին Սարդարապատում այս օրը ռուսական «Կատյուշայի» տակ էիր պարում, այսօր Ռուբիո՞ ես խաղացնում… Անգամ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումն ես քաղաքականացրել ու դարձրել «բազառի թեմա»՝ արեւմտյան տերերիդ ցույց տալու, թե «ուղղություն» ես փոխում:

Աթոռիդ մարմաջից դրդված՝ զորահանդեսը քեզ համար նախընտրական PR-ի ես, հա՞, վերածում: Մարդիկ հո նախրիդ նման խոտակեր չե՞ն, աչք ունեն, տեսնում են: Բա մի ղեկավար, որ 8 տարի բանակի ոչ մի զորավարժություն չի արել, կհամարձակվի՞ զորահանդես անել: Հասկացանք, մի երկու անգամ Մոսկվայում զորահանդես ես տեսել… Մի՞թե դա բավարար է, որ հայտարարես՝ ես ամեն ինչ գիտեմ, ու առաջ ընկնես: Զինվորներդ պիտի քայլել իմանան, զենք բռնել, զորահանդեսի հրամանատարը (չգիտենք էլ՝ ով է) իր անելիքը պետք է իմանա, Պապիկյանին պիտի պտտեցնի զորքերի առաջ, որ բարեւի զինվորներին, իսկ հետո զեկուցի քեզ… Եվ ի՞նչ է զեկուցելու Պնախարարդ, որ զորահանդեսի նախապատրաստությունները թողած՝ օրուգիշեր քարոզարշավների մեջ է, սրտիկ-մրտիկ է անում:
Երկու պարսատիկ եք անցկացնելու հրապարակով՝ ամբողջ քաղաքը կաթվածահար եք արել: Չինաստանում անգամ, որտեղ զինվորական շքերթին 1 միլիոնից ավելի զինվորական է մասնակցում, էլ չեմ ասում, թե ինչ տեխնիկա, այսպիսի բան չի պատահում: Թե բա՝ հնդկական ՀՕՊ միջոցներ ենք առել: Իսկ քանի՞ հրթիռ ունեք, որ այդ միջոցները մեզ պաշտպանեն, քանի՞ րոպեում այդ համակարգերը կսպառեն ձեր գնած հրթիռները, եթե, Աստված մի արասցե, ստիպված լինեք գործի դնել ՀՕՊ-ը: Բայց դա հոգ չէ ձեզ համար… Լեզու էլ հո ունեք: Այնպես դուրս կգաք տակից, որ էլ չասելու:

Զորահանդեսը վերջին փամփուշտն է, որ Փաշինյանը պատրաստվում է արձակել հօգուտ իր քարոզչության: Կստացվի՝ կստացվի, չի՞ ստացվի՝ հերն էլ անիծած, ընտրությունները չեղարկելու պատճառներ կգտնի: Տիգրանաշենում մի սահմանազատման փորձ, ու «խժդժությունն» արդեն պատրաստ է, ՌԴ դեսպանատան առաջ մի ապուշ հավաք, Մյասնիկյանի արձանի մոտ մի գժական ելույթ, ու, խնդրեմ, «հեղաշրջման փորձն» առկա է: Փաշինյանին շատ էլ կարիք չկա խնդրելու, որ գնա նման քայլերի: Մարդն իր առջեւ խնդիր է դրել Արեւմուտքի համար պահպանել ՀՀ վարչապետի աթոռը: Թեկուզ մի 5 հազար մարդ էլ զոհվի, նրա համար ոչ մի նշանակություն չունի: Կկրակի, կավերի, ավտոներ շուռ կտա… Առաջին անգամը չէ: Այս անգամ Արեւմուտքը նրա ցավոտ տեղերից չափից ավելի պինդ է բռնել, ու վայը կգա գլխին, եթե չկատարի վերարտադրվելու խոստումը: Ինքն Արեւմուտքին պետք է բացառապես վարչապետի կարգավիճակով:

Այս իրավիճակում ընդդիմությանն այլ բան չի մնում, քան սատանային ավելորդ սադրանքների չենթարկելը: Կարիք չկա: Ինքն առանց այն էլ խռովված է մոտալուտ պարտության մտքից, եւ չարժե նրան այդ մասին անընդհատ հիշեցնել: Պետք է մի կերպ հասնել հունիսի 7-ին՝ թքած ունենալով նրա բոլոր «բզբզոցների» վրա: Մոտավորապես այսպես՝ հա, քո ասածն ա, խաղաղություն ա, Ախալքալաք-Կարս երկաթուղին մերն ա, Ջերմուկն էլ Շվեյցարիա ենք արտահանելու… Հանգստացրեք՝ ինչքան կարելի է, որ հունիսի 7-ին ժողովուրդը հնարավորություն ունենա անխռով գնալ ընտրատեղամաս եւ մերժել 16-ին: Դե իսկ ամսի 8-ին նրա բոլոր ջղաձգումները կդառնան ժամանակավրեպ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *