ՌԴ Պետդումայում կոչ են անում սահմանափակել հայկական կոնյակի ներմուծումը և վերանայել գազի արտոնությունները

Ռուսաստանը կարող է մի շարք տնտեսական միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Հայաստանի ոչ բարեկամական քայլերի, այդ թվում՝ սահմանափակել թունդ ոգելից խմիչքի ներմուծումը։ Նման առաջարկով հանդես է եկել Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի հակազդման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստաբնի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Անդրեյ Լուգովոյը «Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի. պատճառներ, արդյունքներ և հետևանքներ» կլոր սեղանի շրջանակում, հաղորդում է ТАСС-ը։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ չի կարելի «ապրել ռուսական արտոնություններով և երկիրը վերածել հակառուսական հենակետի»։ Ոչ բարեկամական քայլերին Ռուսաստանը կարող է համակարգված պատասխանել։

«Ուշադրություն եմ հրավիրում, որ հայկական գյուղմթերքի արտահանման 98%-ը գնում է Ռուսաստան։ Ընդ որում, երկիրը կրիտիկական կախվածություն ունի մեր հացահատիկից։ Իսկ Հայաստանում առանձին հոդված է թունդ ոգելից խմիչքի արտադրությունը։ Թունդ ոգելից խմիչքի 78%-ը նույնպես գնում է Ռուսաստան, պետք է փակել այդ կրպակը»,- ասել է Լուգովոյը։

Խորհրդարանականն առաջարկել է նաև Երևանի ոչ բարեկամական քայլերին ի պատասխան այլ տնտեսական միջոցներ։ Մասնավորապես, նա մատնանշել է գազի արտոնության վերանայման անհրաժեշտությունը։

«Ռուսական գազը Հայաստանի համար տասնամյակներ շարունակ ոչ միայն ապրանք է եղել, այլև դաշնակցային ճարտարապետության տարր։ Եթե այն քանդվում է, ապա արտոնյալ գինը պետք է փոխարինվի առևտրային տեսանկյունից հիմնավորված գնով: Այդ դեպքում առաջարկվում է բարձրացնել մինչև եվրոպական գներ՝ 400-600 հազար դոլար խորանարդ մետրի դիմաց: Կցանկանայի նաև ուշադրություն հրավիրել, որ այս դեպքում էլեկտրաէներգիայի արժեքը 9 ռուբլուց կտրուկ կաճի մինչև 16 ռուբլի մեկ կիլովատտ-ժամի դիմաց: Փաստացի՝ երկու անգամ»,- նշել է պատգամավորը:

Նա առաջարկել է նաև դադարեցնել մաքսային արտոնյալ կանոններն ու ռեժիմները, որոնք Հայաստանին հնարավորություն են տալիս օգտագործել ռուսական տնտեսական տարածքը, և խստացնել անդրսահմանային փոխանցումների վերահսկողությունը:

«Առաջարկվում է ուղարկողների և ստացողների ամբողջական նույնականացում, կրկնվող փոխանցումների համախմբում, միջոցների աղբյուրի ստուգում, զուգահեռ ներմուծման հաշվարկներին նմանվող գործարքների ուժեղացված վերահսկողություն և հատուկ ռեժիմ՝ անվանական ստացողներով շղթաների համար»,- պարզաբանել է Լուգովոյը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *