Oragir.News-ը ներկայացնում է մայիսի 26-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր սկսվել է առաջին ատյանում դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանների ներկայացրած բողոքների քննությունը։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ գործը քննում է դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ գործող կազմը։ Հայ գերիներն ու պատանդները, այդ թվում Արցախի ղեկավարները, փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման ազատազրկման դատապարտվեցին։ Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման և այլ մեղադրանքներով։ Ռուբեն Վարդանյանը, որի գործն առանձին վարույթով է քննվել, հրաժարվել է բողոքարկել դատական ակտը։ Հայ գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանույշ Սահակյանն ավելի վաղ հայտնել էր, որ Վարդանյանը չի ցանկանում ձևականորեն ներգրավվել այդ գործընթացի մեջ՝ համարելով այն ֆարս։ Փաստաբանները պատրաստվում են հայ գերիների իրավունքների խախտումների հարցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Սահակյանի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է, որ Բաքուն տրամադրի դատավճիռների ամբողջական տեքստերը, ոչ թե միայն դրանց քաղվածքները, ինչից առ այս պահը հրաժարվում է։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կնոջ հետ ժամանել է Երևան: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Արարատ Միրզոյանը: Միրզոյանն ու Ռուբիոն օդանավակայանում նախաստորագրեցին մի շարք փաստաթղթեր։ Դրանց թվում են «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը և «ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը»: Նախաստորագրվել է նաև «ՀՀ և ԱՄՆ միջև կարևորագույն հանքանյութերի, հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակագիրը»։ Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին հայտնի է դարձել միայն նախօրեին, մինչ այդ դրա մասին չէր հայտարարվել։ Նա Երևան է ժամանել Նյու Դելիից։ Նախօրեին Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այցի ընթացքում մի քանի փաստաթուղթ է ստորագրվելու՝ դրանք «շատ կարևոր» որակելով, սակայն չէր նշել, թե ինչի մասին են դրանք։ Ավելի վաղ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սկսվելու են TRIPP նախագծի շինարարական աշխատանքները, և որ Միացյալ Նահանգների հետ ստորագրվելու է նախագծի իրականացման վերջնական պայմանագիրը։ ԱՄՆ պետքարուղարը Երևանում նաև չխուսափեց ՔՊ-ին աջակցող հայտարարություն անելուց․ «Դուք, վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա Հայաստանի համար։ Մենք ուրախ ենք այստեղ մեր աջակցությունը հայտնել այս տեսլականին: Հպարտ ենք, որ մասնիկն են այս ամենի և պատրաստ ենք միասին ավելին անել»:
ԲՀԿ պատգամավորության թեկնածու, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը նամակ է հղել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից` ընդգծելով, որ քրեական գործը հարուցվել է Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով։ «Հարուցված քրեական գործով նախատեսվում է ցմահ ազատազրկում։ Պատերազմ և պարտություն բերած, հազարավոր զոհերի և վիրավորների պատճառ դարձած, Արցախի և Հայաստանի տարածքները հանձնած թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Փաստորեն դավաճանն ամենաբարձրն է գոռում՝ բռնե՛ք դավաճանին։ Նիկոլի համար «պետական դավաճան» են նրանք, ովքեր դեմ են իր իշխանությանը։ Ինքը կցանկանար, որ բոլոր արցախցիները զոհված լինեին։ Այսինքն` Փաշինյանը կուզենար, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը զոհվեր կամ ցմահ ազատազրկվեր»,– գրել է Թևանյանը։ Նա ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին։ Քաղաքական գործիչը կոչ է արել հավաքական ընդդիմությանը գլխավոր՝ իշխանափոխության և հայկական իշխանության ձևավորման հարցում լինել միասնական։ «Մայր Հայաստանը» նամակը հրապարակելիս շեշտել է նաև, որ օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։
Մանրամասները՝ տեսանյութում: