
«168»-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀ զինված ուժերի պահեստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, խոսելով ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մասին, կարծքի հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն էլ գիտի իրական պատկերի ու իր պարտվելու հավանականության մասին:
«Եթե ԱՄՆ-ի պետքարտուղարի այցից և մայիս 28-ի շքերթից հետո իր վարկանիշը կտրուկ չբարձրանա, այդ դեպքում այն կառույցները և երկրները, որոնք շահագրգռված են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, անցնելու են երկրորդ պլանին կամ «Պլան Բ»-ին, իսկ երկրորդ պլանն, ըստ իս, մոլդովական սցենարն է, այն է՝ ընտրություններից հանել մեկ կամ երկու ընդդիմադիր քաղաքական ուժի տարբեր պատրվակներով, ընդ որում, ասեմ, որ իշխանություններն արդեն նախապատրաստում են քաղաքական հող դա անելու համար: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքին ու Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ին և նրանց դեմ սկսված տեղեկատվական արշավին։
…Մոլդովայում երկու ընդդիմադիր ուժի թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին։ Եթե իրենք ընտրություններից մի քանի օր առաջ գնահատեցին, որ Փաշինյանը չի հաղթելու, և այս երեք ուժերը, որոնք անցնում են խորհրդարան, գումարային առումով նրանց ձայները 5, 6, 7 տոկոսով ավելին է լինելու, իսկ դա էական տարբերություն է, այդ դեպքում կփորձեն պայքարից դուրս թողնել մեկ կամ երկու ուժի։
Եթե նույնիսկ հնարավոր չլինի հանել նրանց, կամ դա կարող է բերել ներքաղաքական ցնցումների. կա երրորդ սցենարը՝ արտակարգ իրավիճակ ներքաղաքական լարվածության կամ սահմանին բախումների ու կրակոցների պատճառով։ Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ Ալիևի և Էրդողանի ցանկալի թեկնածուն Փաշինյանն է»,- ասաց Հայկ Նահապետյանը։
Այս իրավիճակում, ըստ նրա, Հայաստանի քաղաքացիներից ու ամեն մի ընտրողից է կախված Հայաստանի ճակատագիրը։ Նահապետյանի խոսքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուց է կախված իր զավակի ապագան: