Իրանի Իսլամական Հանրապետության Տեղեկատվության (հետախուզության) նախարարությունը հայտարարել է, որ արտաքին հակառակորդները, բաց ռազմական ագրեսիայի միջոցով իրենց նպատակներին հասնելու հարցում ձախողվելուց հետո, այժմ ակտիվացնում են երկիրը ապակայունացնելու փորձերը՝ տնտեսական ճնշման, կիբերհարձակումների, ահաբեկչության և հոգեբանական պատերազմի միջոցով։
Չորեքշաբթի հրապարակված գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվում է, որ թշնամական տերությունները ձգտում են ռազմի դաշտում իրենց պարտությունները փոխհատուցել Իրանի դեմ «թաքնված հետախուզական-անվտանգային պատերազմի» սրմամբ։
«Սովորական պատերազմում պարտություն կրած թշնամին փորձում է իր համար գոնե ինչ-որ արդյունքներ ապահովել, թեկուզ «փափուկ պատերազմի» (soft war) մեթոդներով», — նշվում է փաստաթղթում։
Նախարարությունում հավելել են, որ վերջին զինված հակամարտության ընթացքում հակառակորդները բացահայտ հետապնդում էին պետական կարգի տապալման և Իրանի մասնատման նպատակներ, սակայն չկարողացան իրագործել այդ ծրագրերը ուղիղ ռազմական հարվածների միջոցով։
Տեղեկատվության նախարարության վերլուծության համաձայն՝ այժմ Իսլամական Հանրապետության հակառակորդներն իրենց հիմնական ուշադրությունը տեղափոխել են «փափուկ, կոգնիտիվ և հիբրիդային պատերազմի ոլորտում դավադրությունների» վրա, որոնք ուղղված են պետության ներքին կայունությունը խաթարելուն։
Գերատեսչությունը նշել է թշնամական գործունեության մի քանի հիմնական ուղղություններ.
-
Տնտեսական սաբոտաժ․ պատժամիջոցային ճնշման ուժեղացում, ինչպես նաև գնաճի և ապրանքային պակասի միտումնավոր օգտագործում՝ սոցիալական անկարգություններ հրահրելու համար։ Այդ նպատակով, ինչպես պնդվում է, ներգրավվում են «թշնամու գործակալներ և արտասահմանյան վարձու պարսկերենալեզու մեդիա»։
-
Ներքին հակամարտությունների հրահրում․ էթնիկ և կրոնական լարվածություն սադրելու փորձեր՝ Իրանի տարբեր էթնիկ խմբերի և պաշտոնապես ճանաչված դավանանքների միջև ազգային միասնությունը թուլացնելու նպատակով։
-
Տեղեկատվական պատերազմ․ նախարարությունը նաև խիստ դատապարտել է արտասահմանյան պարսկերենալեզու հեռարձակողների գործունեությունը, այդ թվում՝ BBC Persian, Voice of America («Ամերիկայի ձայն») և Iran International-ը՝ նրանց մեղադրելով երկրի դեմ իրականացվող քայքայիչ գործողություններին ուղիղ տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու մեջ։
Նախարարության հայտարարությունը նաև նախազգուշացում է պարունակում այն մասին, որ «սիոնիստների կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումները» տեղափոխվում են՝ դիվերսիոն գործողություններ և հարձակումներ իրականացնելու սահմանամերձ շրջանների, մասնավորապես՝ Իրանի հյուսիս-արևմուտքի և հարավ-արևելքի դեմ։ Հետախուզության տվյալներով՝ այդ խմբավորումները նախկինում փորձել էին համակարգված ցամաքային հարձակումներ իրականացնել վերջին պատերազմի ընթացքում, սակայն հետ էին շպրտվել Իրանի Զինված ուժերի կողմից այն բանից հետո, երբ հետախուզական գործողությունները թույլ էին տվել բացահայտել նրանց դիրքերը։
Որպես ներկա փուլում ազգային անվտանգության հիմնական սպառնալիքներ՝ գերատեսչությունն առանձնացրել է.
-
Պատվերով սպանությունների և դիվերսիաների կազմակերպումը,
-
Զենքի մաքսանենգ տեղափոխումը երկրի տարածք,
-
Մասշտաբային կիբերհարձակումները,
-
Ապօրինի կապի միջոցների, ներառյալ Starlink արբանյակային ինտերնետի տերմինալների, անօրինական ներմուծումն ու տարածումը։