Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, շաբաթական 70-80 մլն չվճարում ունենք. չվճարող մարդիկ բեռ են մեր վզին. Ավինյան

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց վարորդներին իրենց զսպվածության համար՝ չնայած իրականացվող սադրանքներին:

«Ուզում եմ իմ հիացմունքը հայտնել վարորդների զսպվածությամբ: Որքան էլ տարբեր անձինք փորձեն հունից հանել վարորդներին, նրանք մնում են անվրդով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց՝ առանց այն էլ ծանր աշխատանքը հաշվի առնելով՝ կարևոր վերահսկողական ֆունկցիան իրականացնելու համար։ Ունեցել ենք մի քանի միջադեպ, մեկ կոնկրետ տհաճ միջադեպ, երբ վերածվել է կռվի, հարձակվել են վարորդի վրա։ Երեք անձ ձերբակալվել է, չորրորդն էլ անցնում է այդ գործով։ Իրականում վարորդների նկատմամբ ոտնձգությունը քաղաքի նկատմամբ է, ամբողջ համակարգի նկատմամբ»,- ասաց քաղաքապետը։

Նա նշեց, որ վճարումների ապահովմանը հետևելը վարորդների պարտականությունների մեջ է մտնում՝ ամրագրված պայմանագրով:

Ըստ Ավինյանի՝ Երևանում հանրային տրանսպորտից օգտվողների վալիդացիայի քանակն ավելացել է 15-30%՝ համեմատած նախորդ շաբաթվա օրերի հետ. «Սա նշանակում է՝ գործընթացը, որով անցնում ենք, կարևոր է ու անհրաժեշտ»։

Ավինյանը շեշտեց, որ շատերը չեն վճարում՝ պատճառաբանելով, թե ավտոբուսներում տեղ չկա:

«Շաբաթական 70-80 միլիոնի չվճարում ունենք, այդ գումարով երկու նոր ավտոբուս կգնենք, չվճարող, անպարտաճանաչ քաղաքացին բեռ է մեր բոլորի վզին»,- նշեց Ավինյանը:

Նա հորդորեց շարունակել աջակցել վարորդներին, որոնք հրաժարվում են վարել մեքենան՝ տեսնելով, որ քաղաքացիները հրաժարվում են վճարելուց:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *