Կոնֆլիկտ ռեստորանում. Իբրահիմովիչն ու Ալեգրին բախվել են Միլանի ղեկավարության աչքի առաջ


Սպորտ


«Միլանի» ղեկավարության ավագ խորհրդական Զլատան Իբրահիմովիչը լուրջ կոնֆլիկտ է ունեցել թիմի նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ դեռևս մրցաշրջանի տապալված ավարտից շատ առաջ:

Ա Սերիայի վերջին տուրում «Միլանը» 1:2 հաշվով զիջեց «Կալյարիին» և նահանջեց 5-րդ հորիզոնական՝ դուրս մնալով Չեմպիոնների լիգայի գոտուց: Դրանից հետո՝ երկուշաբթի՝ մայիսի 25-ին, ակումբի սեփականատեր ամերիկյան «RedBird Capital» ընկերությունը հայտարարեց Ալեգրիի և ակումբի ողջ ղեկավարության պաշտոնանկության մասին. Ջորջո Ֆուրլանին հեռացավ գլխավոր տնօրենի, Ժոֆրե Մոնկադան՝ սկաուտական բաժնի ղեկավարի, իսկ Իգլի Տարեն՝ սպորտային տնօրենի պաշտոններից։

Ավելի ուշ Corriere della Sera պարբերականը սկանդալային մանրամասներ է հրապարակել Իբրահիմովիչի և Ալեգրիի միջև տեղի ունեցած կոնֆլիկտի վերաբերյալ: Հոդվածի հեղինակը պնդում է, որ շվեդը, որը տանել չէր կարողանում ո՛չ Ալեգրիին, ո՛չ Տարեին, ռեստորանում ընթրիքի ժամանակ վիճաբանել է մարզչի հետ։ Ընթրիքին ներկա են եղել նաև Տարեն ու Ֆուրլանին։ Բանը հասել է ծեծկռտուքի. Տարեն և Ֆուրլանին ստիպված են եղել բաժանել Իբրահիմովիչին և Ալեգրիին։

Կոնֆլիկտի պատճառ են դարձել այն խոսակցությունները, որոնք Իբրահիմովիչը մարզչի թիկունքում վարել է խաղացողների և Ալեգրիին մշտապես քննադատող Անտոնիո Կասանոյի հետ, ինչպես նաև տրանսֆերային ռազմավարության շուրջ ունեցած տարաձայնությունները։

Օրինակ՝ պարբերականը նշում է, որ Զլատանը շփվել է Յուսուֆ Ֆոֆանայի և Ռաֆայել Լեաոյի հետ՝ տալով նրանց տակտիկական խորհուրդներ, որոնք տարբերվել են մարզումների ժամանակ Ալեգրիի տված ցուցումներից։

armsport.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *