Սպիտակ տունը կտրականապես հերքել է Իրանի պետական լրատվամիջոցների հաղորդագրությունները փոխըմբռնման հուշագրի նախագծի նախապատրաստման մասին՝ դրանք անվանելով «բացարձակ հորինվածք»։
«Իրանի վերահսկողության տակ գտնվող զանգվածային լրատվամիջոցների տրամադրած այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ նրանց «հրապարակած» հուշագիրը լիակատար կեղծիք է։ Ոչ ոք չպետք է հավատա այն ամենին, ինչ տարածում են Իրանի պետական լրատվամիջոցները։ ՓԱՍՏԵՐԸ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»,- ասվում է X սոցիալական ցանցում Սպիտակ տան արագ արձագանքման ծառայության (White House’s Rapid Response) պաշտոնական օգտահաշվի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական պետական հեռուստատեսությունը հայտարարել էր, որ փաստաթղթի նախագիծը նախատեսում է ամերիկյան զինված ուժերի դուրսբերում Իրանին հարակից շրջաններից և իրանական նավահանգստների ծովային շրջափակման վերացում։
Հատկանշական է, որ այս մանրամասներից մի քանիսը մասամբ համընկնում են նրա հետ, թե ինչպես էին նախկինում հնարավոր գործարքի ուրվագծերը նկարագրում հենց իրենք՝ ամերիկացի պաշտոնյաները։ Վաշինգտոնում բազմիցս հասկացնել են տվել, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է գնալ շրջափակման վերացմանը, սակայն միայն այն պայմանով, որ Իրանը կերաշխավորի առևտրային նավերի անխափան տարանցումը Հորմուզի նեղուցով։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիա Ուեյլսը, մեկնաբանելով IRIB-ի հրապարակումները, հստակ ուրվագծել է ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը.
«Ինչպես արդեն նշել է նախագահ Թրամփը, բանակցային գործընթացն առաջ է ընթանում կառուցողական հունով, և նա հստակ նշել է մեր «կարմիր գծերը»։ Նախագահ Թրամփը կգնա միայն այնպիսի գործարքի, որը կբխի ամերիկացի ժողովրդի շահերից և կերաշխավորի, որ Իրանը երբեք չի կարողանա միջուկային զենք ձեռք բերել»։